Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 67 մեքենա

Արգելափակումից հանվել է 67 մեքենա

2144
Տարածել

2020 թվականի առաջին յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 322 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

2019 թվականի վերջին կանչն արձանագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Ժամը 23:46 փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում այրվում է աղբաման: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը: 2020 թվականի առաջին կանչն էլ է Երեւանում գրանցվել: Ժամը 00:05 Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/8 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը:

Գրանցվել է 91 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ կանչ:

Փրկարարները 137 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Ավան, Նոր Նորք, Նուբարաշեն, Դավիթաշեն վարչական շրջաններում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 67 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 108 մարդ:

Այլ կանչեր. Լոռվա փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ Տաշիր-Գյումրի ճանապարհին մոլորված քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 28-ամյա քաղաքացուն եւ ուղեկցել Տաշիր քաղաք։ Վայոց ձորի փրկարարները Շվեցարիայի քաղաքացուց ահազանգ են ստացել, որ ինքը մեքենայով փորձել է անցնել Վարդենյանց լեռնանցքով, սակայն մեքենան խափանվել է: Փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:

Հանրապետության տարբեր քաղաքներում (Երեւան, Թալին, Ապարան, Տաշիր, Մասիս եւ այլն) կազմակերպվել են Ամանորյա տոնական միջոցառումներ: Բոլոր քաղաքներում էլ փրկարարները կազմակերպել են հերթապահություն եւ ապահովել միջոցառումների անվտանգությունը։