Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ապահովել են տոնածառների լույսերի վառման միջոցառումների անվտանգությունը

Փրկարարներն ապահովել են տոնածառների լույսերի վառման միջոցառումների անվտանգությունը

1073
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 462 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 151 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ կանչ:

Փրկարարները 171 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 120-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Կենտրոն վարչական շրջաններում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 1 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 1 մարդ:

Անցած շաբաթ հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվել են Ամանորյա տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառումներ: Բոլոր քաղաքներում էլ փրկարարները կազմակերպել են հերթապահություն եւ ապահովել միջոցառման անվտանգությունը։

Ամանորյա տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով արդեն հաստատված է ուժեղացված շուրջօրյա հերթապահության պլանը: