Գլխավոր Վերլուծություն Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր. Կվերադառնանք հունվարի 6-ին

Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր. Կվերադառնանք հունվարի 6-ին

393
Տարածել

Հարգելի գործընկերներ

Ամանորի տոներից առաջ ամփոփելով անցնող տարին, արձանագրենք, որ հաջողություններ եւ ձեռքբերումներ ունեցել ենք եւ այդ հենքի վրա ենք սկսելու 2020 թվականը:

Ինչպես այլ տարիների, 2019 թվականին էլ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի բոլոր ստորաբաժանումները միասնական ու համատեղ ուժերով աշխատում էին Հայաստանը դիմակայուն երկիր դարձնելու եւ անվտանգության մշակույթ ձեւավորելու ուղղությամբ: Աղետը սահմաններ չի ճանաչում եւ աղետների ռիսկի կառավարման-նվազեցման հարցերում մեր փրկարարները համագործակցում էին եւ կհամագործակցեն այլ պետությունների փրկարարների ու միջազգային կառույցների փորձագետների հետ: 2019 թվականին մեր փրկարարները մասնակցել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարական պլանների մեթոդաբանությանը, անվտանգության տեսանկյունից արդյունավետ որոշումների ընդունմանը, հնարավոր ռիսկերի գնահատմանը եւ վերլուծությանը վերաբերող թեմաներով միջազգային դասընթացի, Հայաստանում կազմակերպվել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով, հետաղետային վերականգնման հայեցակարգային մոտեցումներ մշակելուն նվիրված միջազգային աշխատաժողով, հայաստանցի ավելի քան 100 փրկարար վերապատրաստվել է Ռուսաստանում, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս-փրկարարները զեկույցներ են ներկայացրել Բելառուսում անցկացված «Արտակարգ իրավիճակներ. նախազգուշացում եւ արձագանք» միջազգային գիտաժողովում, 10 կազմակերպության համատեղ ջանքերով Ստեփանավանում եւ Վայքում ստեղծվել են «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոններ», որտեղ երիտասարդները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի մոդելավորմամբ եւ ծրագրավորմամբ: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան սեփական անօդաչու թռչող սարքեր ունի, որոնք կիրառվելու են կրթական եւ վերապատրաստման ծրագրերում, ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնը դրանցով սողանքային գոտիների, անտառների քարտեզագրման, ռիսկերի շերտավոր քարտեզների մշակման եւ նման այլ աշխատանքներ է իրականացնելու: ՃԿՊԱ-ն համագործակցության 11 նոր պայմանագրեր է կնքել: Մասնավորաբար. Ֆրանսիայի մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի հետ կհամագործակցի առաջին օգնության ուսուցման հարցերում, իսկ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» հետ  քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրման հարցերում: Սեփական միջոցներով եւ գործընկերների օգնությամբ թարմացվել է հրշեջ-փրկարարական ջոկատների գույքը, հանդերձանքը, բարձրացվել է փրկարարների աշխատավարձը:

Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի ստորաբաժանումների զարգացումը անընդհատ է: Եվ ողջը մեկ նպատակով՝ ունենալ դիմակայուն երկիր, անվտանգության մշակույթով ապրող հասարակություն:

Բարի, անվտանգ եւ խաղաղ Ամանոր բոլորին: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Կվերադառնանք հունվարի 6-ին: Աստված բոլորիս պահապան:

www.911tert.am կայքի խմբագրակազմ