Գլխավոր Վերլուծություն ALTER ծրագրի արդյունքների ամփոփում. ԱԻՆ

ALTER ծրագրի արդյունքների ամփոփում. ԱԻՆ

557
Տարածել

2020 թվականի փետրվարի 1-ին ավարտվում է «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը Այս տարվա հունիսին Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ALTER գործընկերները երեք պիլոտային տարածքում իրականացրել են շտաբային ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր  ներկայացնել աղետների հնարավոր սցենարները, քննարկումներին ներգրավվել տեղական եւ պետական շահագրգիռ կողմերին եւ դիտարկել նոր գաղափարներ։

Ծրագրի շրջանակում ԱԻՆ-ը ստանձնել էր ուսումնավարժությունների սցենարների մշակումն ու քարտեզագրումը։ Ուսումնավարժություններին նախորդեցին նախապատրաստական վարժանքներ՝ ուսումնական հաստատությունների եւ մանկապարտեզների անձնակազմի տարհանմամբ։

ԱԻՆ վերահսկողությամբ եւ մասնակցությամբ հոկտեմբերի 29-ին Սիսիան (Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան բնակավայրեր), հոկտեմբերի 30-ին Կապան եւ նոյեմբերի 1-ին Ախթալա (Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց բնակավայրեր) համայնքներում անցկացվեցին «Ուժեղ երկրաշարժի եւ երկրաշարժի հետեւանքով Սպանդարյանի, Գեղիի ջրամբարների պատվարի փլուզման եւ Նահատակ պոչամբարի երկրորդ պատվարի վնասման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմաներով դաշտային ուսումնավարժանքներ, որոնց մասնակցեցին ավելի քան 750 անձ համայնքներից եւ դպրոցներից։

Սիսիանում վարժանքի ժամանակ ԱԻՆ ներկայացուցիչները հընթացս ցուցադրեցին հրդեհաշիջման եւ փրկարարական իրենց հմտությունները, փորձարկվեց «Որոտանի Հիդրոկասկադի» սեփականատեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության եւ տեղական իշխանության միջեւ կապի համակարգը, ԱԻՆ-ի եւ համայնքնապետարանների վաղ ազդարարման համակարգը։ Վարժանքի կարեւոր բաղադրիչներից էր Սիսիանի պետական քոլեջի անձնակազմի տարհանումը։

Կապանի ուսումնավարժությունն աննախադեպ էր, քանի որ պարզ դարձան հնարավոր արտակարգ իրավիճակում ջրածածկման գոտում գտնվող արձագանքող ուժերի՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, քաղաքային որոնողափրկարարական թիմի, ոստիկանության, համայնքապետարանի եւ մի շարք կրթօջախնների հետ կապված խնդիրները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների տարհանումը եւ անվտանգ վայր տեղափոխումը վերահսկեցին փրկարար ծառայողները։ Գործընթացին ներգրավվել էին համայնքապետարանից, առողջապահական հաստատություններից եւ արձագանքող կառույցներից 350 հոգի։  Տարհանումից հետո ջրածածկման գոտուց դուրս ծավալվեց օպերատիվ կառավարման կենտրոն։

Ախթալայում խաղարկված սցենարի համաձայն՝ ցուցադրվեցին երկրաշարժի հետեւանքով հանքարդյունաբերական տեղամասում առաջացած արտակարգ իրավիճակում փրկարարական գործողությունները, տարհանվեց համայնքի մանկապարտեզի ողջ անձնակազմը՝ 47 հոգի։

ALTER ծրագրի շրջանակում ԱԻՆ գործողությունների համակարգող, Բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության Աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնավարժությունները հստակ ցույց տվեցին՝ ինչպիսին են թիրախային համայնքների՝ աղետներին պատրաստվածությունը, բնակչության իրազեկման խնդիրները, արձագանքող ուժերի գործնական հմտությունները, արտակարգ իրավիճակում գույքի եւ տեխնիկայի հաշվարկները։

ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները եւ համակարգող խմբի անդամները բարձր են գնահատել նախարարության կատարած աշխատանքը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Հովհաննիսյանը