Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները բլրից իջեցրել են պապիկին

Փրկարարները բլրից իջեցրել են պապիկին

2105
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 364 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 124 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 129 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 3 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 3 մարդ:

Այլ կանչեր. Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գոգոլի փողոցում՝ կամրջի մոտա­կայ­քում, 77-ամյա պապիկը բարձրացել է բլրի վրա եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները իջեցրել են պապիկին: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աչաջուր համայնքի 16-ամյա մի բնակիչ երեկոյան տանից դուրս է եկել այգի գնալու նպատակով եւ չի վերադարձել: Հրշեջ-փրկարարները, ոստիկանները, Աչաջրի բնակիչները կորածին որոնել են ամենուր: Ահազանգ ստանալու հաջորդ օրը պարզվել է, որ տղան Հաղթանակ գյուղի իր ազգականների տանն է:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխա­տանքների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի թունելներում», «Տարհանում եւ հրդեհաշիջում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: