Գլխավոր Վերլուծություն ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ ԱՌՆԱՊ

ALTER ծրագրի արդյունքների ամփոփում․ ԱՌՆԱՊ

2102
Տարածել

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց «Համայնքների դիմակայունության բարձրացումը պոչամբարների եւ ջրամբարների պատվարների փլուզման նկատմամբ՝ պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով գիտաժողով:

Այս հավաքը 2020 թվականի փետրվարի 1-ին ավարտվող «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր:

Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ծրագրի շրջանակում զբաղվում էր տեղական համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով շտաբային եւ դաշտային ուսումնավարժությունների նախապատրաստական աշխատանքներով, մասնավորապես՝ անցկացրել է հանդիպումներ եւ աշխատաժողովներ՝  ներգրավելով համայնքներին եւ պատվարային ենթակառուցվածքները կառավարող մասնավոր ընկերություններին, մշակել տեղական համայնքների դիմակայունության բարելավմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ եւ ուսումնավարժությունների պլան 3 պիլոտային տարածքի՝ Սիսիան, Կապան եւ Ախթալա համայնքների համար։

2018 թվականին ALTER ծրագրի ողջ թիմը հանդիպել էր ՏԻՄ-երի եւ մասնավոր ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատների, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» եւ «Չաարատ Կապան» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել սեյսմիկ մոնիթորինգի կայանների հնարավոր տեղադրման հարցը։ Արդյունքում ընտրվել էր Գեղիի ջրամբարը, որի համար ձեռք էր բերվել սեյսմիկ մոնիթորինգի 4 կայան։

Ծրագրով նախատեսված շտաբային եւ գործնական ուսումնավարժությունները վեր հանեցին մի շարք խնդիրներ՝

  • Բնակչության պատրաստվածությունը բավարար մակարդակում չէ,
  • Բնակչության պաշտպանության պատասխանատուների եւ ծառայությունների գործողություններն ու քայլերի հաջորդականությունը հստակեցված չեն,
  • Կարիք կա հստակեցնելու բնակչության իրազեկման մեխանիզմը, բոլոր մակարդակներում կատարել ուսուցում եւ վերապատրաստում։ Այս համատեքստում ուշադրության է արժանի բնակչության կողմից քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նույնացման խնդիրը։
  • Կարիք կա համայնքային մակարդակում բոլոր դերակատարների մասնակցությամբ «ազդարարում–տարհանում» սցենարների խաղարկման եւ քարտեզագրված տարհանման անվտանգ ուղիների պարբերական վերանայման։
  • Հանքարդյունաբերությամբ զբաղվող մասնավոր ընկերությունները համայնքին մասհանումներ կատարում են միայն սոցիալական ուղղվածությամբ, օրինակ՝ վերանորոգելով սողանքի հետեւանքով շարքից դուրս եկած ճանապարհը։ Անհրաժեշտ է ընկերությունների գործունեությունը վերլուծել աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից եւ հատկացումներն ուղղել այս ոլորտին։
  • Համայնքները չունեն բավարար գիտելիք եւ գործնական հմտություններ արտակարգ իրավիճակում կազմակերպելու բնակչության պաշտպանության միջոցառումներ մինչեւ օժանդակ ուժերի ժամանումը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից ALTER ծրագրի համակարգող Սուսան Մնացականյանն ուշադրություն է հրավիրում հատկապես ՔՊ եւ ԱԻ դեպքում գործողությունների նույնացման խնդրի վրա․ «Երբ կապանցի ուսանողներին հարցնում էինք՝ ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, նրանք նշում էին նկուղում պատսպարվելը։ Սահմանային գոտի համարվող Կապանում երեխաների մեծ մասը միայն օդային տագնապին եւ պատսպարմանն է լավատեղյակ։ Այս առումով, վարժանքները բավական հաջող ազդեցություն ունեցան, բացի դրանից՝ կրթօջախներին տրամադրվեց անվտանգ գոտիների քարտեզը»։

ԱՌՆԱՊ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանն առաջին հերթին կարեւորում է իրավական դաշտի բարեփոխման անհրաժեշտությունը՝ մատնանշելով անվտանգության պատասխանատուների լիազորությունների սահմանափակ շրջանակը։ Պետություն-մասնավոր համագործակցության հուշագիրը կօգնի սերտացնել շահագրգիռ կողմերի միջեւ կապը եւ հետագայում կդառնա օրենսդրական կարգավորման հիմք։ Մյուս խնդիրը ՏԻՄ-երի կողմից ԱՌԿ հարցերին ոչ բավարար չափով կարեւորություն տալն է՝ համայնքային ռիսկերի մասին իրազեկվածության պակասի պատճառով։ Չկա արտակարգ իրավիճակներում տուժածների պաշտպանության եւ կենսապահովման հստակ մեխանիզմ։ Օրինակ՝ Կապանի համայնքապետարանն օժանդակության պայմավորվածություն է ձեռք բերել մի հացի փռի հետ, որը նույնպես գտնվում է ջրածածկման գոտում։  ՏԻՄ-երը չեն իրականացնում բնակչության ԱՌԿ ուսուցում եւ տարհանման վարժանքներ, քանի որ այդ գործառույթն օրենքով իրենցը չէ։ Ուսումնավարժությունները նաեւ ցույց տվեցին, որ համայնքային մարմինները պատրաստ չեն ղեկավարելու բնակչության տարհանման, հաշվառման եւ անվտանգ գոտի տեղափոխման գործընթացը։

Բնակչության իրազեկվածության մասով անելիքն  ավելին է․ դրա վառ ապացույցն այն էր, որ պիլոտային տարածքներում ուսումնավարժությունների անցկացման ժամանակ չի կիրառվել ընդհանուր ազդարարում՝ խուճապից խուսափելու նպատակով։

Արա Բարսեղյանի խոսքով՝ փոխըմբռնման հուշագիր ստորագրած կողմերի հաջորդիվ քայլերն ուղղված պիտի լինեն վարժանքների միջոցով  համայնքի պատրաստվածությունը բարելավվելուն, արտակարգ իրավիճակների մասին բնակչությանը համակողմանի իրազեկելուն, ազդարարման համակարգեր ներդնելուն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի կայքից