Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2063
Տարածել

2017-ի դեկտեմբերի կեսերին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 741 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2018 թվականի դեկտեմբերի կեսին՝ 19 736։ Այս տարվա հունվարի 15-ի տվյալներով՝ 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ, նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 20 723՝ ԱՎՕ, իսկ դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ 20 874: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է ավելի քան 10 տոկոսով, իսկ վերջին մեկ ամսում՝ 0,7 տոկոսով:

Տարեսկզբից մինչեւ դեկտեմբերի 13-ը Հայաստանում գրանցվել է 1058 ԱՎՕ, որից ավելի քան 100-ը՝ վերելակ: Նաեւ բանջարեղենի խորովման վառարանների տեղամաս, սպիրտի թորման արտադրամաս, սառեցման համակարգ, հեղուկ գազի լցակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (7614 միավոր) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: