Գլխավոր Ուսուցողական նյութեր Լույս են տեսել առաջին օգնության նոր ձեռնարկներ

Լույս են տեսել առաջին օգնության նոր ձեռնարկներ

2097
Տարածել

Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում կայացավ ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ մշակված «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցի, «Առաջին օգնության հիմունքներ» եւ «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը։ Ֆինանսավորումն իրականացրել էր Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝ առաջին օգնության միասնական չափորոշիչների բացակայությունը, Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հոգեբանների ներգրավվման եւ աշխատանքների կազմակերպման խնդիրները համախմբեցին այս ոլորտով զբաղվող տարբեր անհատների եւ կազմակերպությունների՝ մեկտեղելու իրենց գիտելիքը։ Ստեղծվեցին առաջին օգնության եւ առաջին հոգեբանական օգնության թեմատիկ խմբեր, որտեղ պատրաստվել է 16 դասավանդող հրահանգիչ՝ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Իրական դպրոցից, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան վարժարանից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Գիտությունների ազգային ակադեմիայից եւ «Արմենիա Վայն» ընկերությունից։ Նրանց շնորհվեցին վկայագրեր։

«Ամեն անգամ, երբ առաջին օգնություն եք ցուցաբերում, հիշե՛ք, որ դուք օգնում եք ինչ-որ մեկի հարազատին։ Ոչ մի հզոր կառույց չի կարող առաջինը հայտնվել դեպքի վայրում, դա կարող են լինել միայն անցորդները։ Եթե առաջին օգնության գիտելիքով գոնե 5 տոկոս բնակչություն ունենանք, կկարողանանք կյանքեր փրկել», -ասաց Գերմանական Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի եւ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ղեկավար Մովսես Պողոսյանը։

Առաջին օգնության փորձագետ Արմինե Պողոսյանը, մեզ հետ զրույցում խոսելով առաջին օգնության միասնական չափորոշիչների մասին, այդուհանդերձ նշեց, որ սխալ է ոլորտում մենատիրություն ստեղծելը․ օրինակ՝ նախկինում սիրտ-թոքային վերակենդանացումն արվում էր 15 սեղմումով եւ 2 ներփչումով, այսօր՝ 30/2 հարաբերակցությամբ։ Երկու մոտեցումն էլ ընդունելի է։ Գրքերը կծառայեն որպես ուսումնաօժանդակ նյութ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան դասավանդել՝ գերադասելով բնակչության անվտանգության հարցը գումար աշխատելուց ու սեփական իմիջ ստեղծելուց։

Այլ խնդիր է հանրակրթական համակարգում ձեռնարկների ներդրումը։ «Դպորցներում այսօր առաջին օգնություն դասավանդում են բուժքույրերն ու  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչները։ Երբ Կարմիր Խաչ ընկերությունում էի աշխատում, ռազմագիտության ուսուցիչների վերապատրաստում կատարեցինք եւ հասկացանք, որ սա երկար գործընթաց է՝ նյութական բազայի խնդիր կա, քանի որ շատ դեպքերում անհրաժեշտ են մանեքեններ, վիրակապական նյութեր, անշարժացման համար նախատեսված հարմարանքներ։ Այս ամենը մեծ ջանքեր եւ միջոցներ է պահանջում»,- մանրամասնեց մասնագետը։

Փոխարենն Արմինե Պողոսյանն իրատեսական է համարում զանգվածային լրատվության բոլոր հնարավոր միջոցներով առաջին օգնության կանոնները տարբեր լսարաններին հասանելի դարձնելը։

Չափորոշիչները, փորձագետի կարծիքով, պետք է խստացնել արտադրական օբյեկտներում աշխատողների համար, որոնց կյանքի ռիսկերը շատ են։ Երկրորդ թիրախային խումբը վարորդներն են։ Այսօր վարորդական իրավունքի քննության թեստերում առաջին օգնության վերաբերյալ միայն մեկ հարց կա, եւ նույնիսկ այդ մեկ հարցին սխալ պատասխանելով՝ հնարավոր է ստանալ վարորդական իրավունք։ Մասնագետն առաջարկում է նախքան քննությունը բոլոր վարորդների համար կազմակերպել առաջին օգնության 16-ժամյա դասընթաց, ինչպես արվում է եվրոպական երկրներում։

«Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկն իր էությամբ առաջինն է, որի մշակմանն օժանդակել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական ծառայությունը։ Գրքերը էլեկտրոնային տարբերակով կտեղադրվեն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Դիմակայունություն» առցանց գրադարանում։ http://library.cmsa.am/hy/

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի