Գլխավոր Միջոցառումներ Հուշագիր՝ հանուն համայնքների դիմակայունության բարձրացման

Հուշագիր՝ հանուն համայնքների դիմակայունության բարձրացման

2447
Տարածել

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Համայնքների դիմակայունության բարձրացումը պոչամբարների եւ ջրամբարների պատվարների փլուզման նկատմամբ՝ պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով երկօրյա գիտաժողովը, որը  2018 թվականի փետրվարի 1-ին Լոռու եւ Սյունիքի մարզերի 10 համայնքում մեկնարկած Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի ամփոփիչ միջոցառումն է։

Հնչեցին զեկույցներ համայնքների դիմակայունության բարձրացման գործում ALTER ծրագրի ձեռքբերումների, աղետների ռիսկի նվազեցման միջազգային շրջանակների,  պոչամբարների հետ կապված բնապահպանական ռիսկերի եւ դրանց կառավարման, պատվարի փլուզումից առաջացող ջրհեղեղների եւ այս ոլորտում ռիսկերի կառավարման լավագույն փորձի, ջրհեղեղների վաղ ազդարարման համակարգերի մարտահրավերների եւ նոր տեխնոլոգիաների մասին։

Կնքվեց փոխըմբռնման հուշագիր ծրագրի մասնակից կողմերի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Սիսիան, Կապան եւ Ախթալա համայնքների ղեկավարների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության, «Չաարատ Կապան» ընկերության եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայացուցիչների միջեւ։

ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ այս համագործակցությունը կնպաստի արձագանքման գործողությունների արդյունավետության բարձրացմանը, եւ հնարավոր կլինի գործնական քայլեր ուսուցանել բոլոր այն օղակներին, որոնք անմիջապես գործ ունեն բնակչության անվտանգության ապահովման հետ։

Ըստ հուշագրի՝ բոլոր կողմերը համաձայնում են իրենց համայնքի դիմակայունության բարձրացման գործում պահպանել պետություն–մասնավոր գործընկերությունը՝ ելնելով  բնակչության պաշտպանության խնդիրներից, ջրամբարների եւ պոչամբարների պատվարների հնարավոր փլուզման դեպքում բնակչության խոցելիությունից, գիտակցելով բնակչության պաշտպանության նպատակով սեյսմիկ մոնիթորինգի եւ վաղ ազդարարման անհրաժեշտությունը։  Յուրաքանչյուր համայնք ունենում է աղետների ռիսկի կառավարման պլան, որը պարբերաբար վերանայվում է, համայնքում գործող ծառայություններն ու  մասնավոր ընկերությունները համաձայնում են իրենց գործունեությունը ներդաշնակեցնել համայնքային եւ մարզային պլանների հետ, բնակչության պատրաստվածության եւ իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է տեղեկատվության տրամադրում, դասընթացների եւ վարժանքների կազմակերպում, պատասխանատու անձանց կողմից սեյսմիկ մոնիթորիգի իրականացում եւ տվյալների հավաքագրում, պատվարների վնասման կամ փլուզման վտանգի դեպքում մասնավոր ընկերությունների կողմից բնակչության ազդարարում, նրանց տարհանման եւ վերականգնողական աշխատանքներում օժանդակության ցուցաբերում եւ այլն։

Հուշագիրը բաց է բոլոր շահագրգիռ ընկերությունների համար։

Գիտաժողովի երկրորդ օրվա շրջանակում կկայանա հանդիպում Հորիզոն 2020, DG ECHO, Erasmus +, COST եւ այլ ծրագրերի ներկայացուցիչների ու տարբեր համալսարանների ուսանողների միջեւ՝ ԱՌԿ/ԱՌՆ ոլորտի հետ կապված հետազոտությունների, կրթության ու կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Կմասնակցեն ուսանողներ նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի