Գլխավոր Միջոցառումներ Երեւանում անցկացվել է անվասայլակով բասկետբոլի բաց առաջնություն

Երեւանում անցկացվել է անվասայլակով բասկետբոլի բաց առաջնություն

827
Տարածել

Դեկտեմբերի  1-3-ը Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Միկա» մարզահամալիրում կայացավ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ», պաշտպանության նախարարության «ԲԿՄԱ» ակումբները, Վրաստանի «Թբիլիսի» եւ Իրանի «Ֆիրուզ» թիմերը։ Առաջնությունը նվիրված էր դեկտեմբերի 3-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։

Թեժ պայքարում հաղթող ճանաչվեց Իրանը, իսկ «ԲԿՄԱ» եւ «Թբիլիսի»  թիմերը զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը։

Սա ֆեդերացիայի երկամյա գործունեության ընթացքում երկրորդ խոշոր մրցաշարն էր. 2019 թվականի օգոստոսին 3×3 ձեւաչափով բաց առաջնությունից հետո, որին հյուրընկալվել էին մարզիկներ Քուվեյթից, Թայլանդից, Ռուսաստանից եւ Բելառուսից։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության մասնագետ Հովհաննես Խզմալյանի խոսքով՝  երկու տարի առաջ, կանգնելով մարզադահլիճ եւ գույք չունենալու խնդրի առջեւ, ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը որոշեց հիմնել ֆեդերացիա։ Պարապմունքներն անցկացվում էին «Միկա» մարզահամալիրում, թիմին հատկացվեցին պրոֆեսիոնալ գնդակներ, իսկ օրերս «Հայբիզնեսբանկի» ղեկավարությունը խոստացավ բասկետբոլիստներին 20 նոր ժամանակակից սպորտային սայլակ նվիրել։

«Միջազգային թիմերի հետ խաղը մեզ մեծ փորձ է տալիս։  Իրանը մեր տարածաշրջանում ամենահզորն է, այս պահին՝ չորրորդն աշխարհում իր ցուցանիշներով։ Թիմը հավակնում է առաջատար դառնալ, նրանցից շատ բան ենք սովորել։ Առաջնությանը հրավիրված էր նաեւ այս սպորտաձեւի միջազգային կարգի մրցավար, որը սեմինար անցկացրեց մեր մրցավարների հետ»,- մանրամասնեց Հովհաննես Խզմալյանը։

Ֆեդերացիայի առաջիկա պլաններում նոր մրցումներ են, անվասայլակով բասկետբոլի մարզային թիմեր եւ Հայաստանի ազգային հավաքական ստեղծելը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները