Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մշակվում է «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման» օրինագիծը

Մշակվում է «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման» օրինագիծը

2139
Տարածել

Ավելի քան 20 տարի առաջ՝ 1998 թվականի դեկտեմբերին Հայաստանում ընդունվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը եւ մինչ օրս երկու անգամ լրացվել: Օրենքը հնացած է եւ արդեն չի համապատասխանում առկա մարտահրավերներին: Այժմ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ միջազգային տարբեր կառույցների մասնագետների համատեղ ուժերով մշակվում է «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման» օրինագիծ, որը փոխարինելու է վերը նշված օրենքին:

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեզման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, նոր օրենք ունենալու անհրաժեշտությունը արձանագրված է նաեւ 2017 թվականի ապրիլին ՀՀ կառավարության ընդունած «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» մեջ: Օրինագծի վրա բոլորն աշխատում են կամավորության սկզբունքով: Օրենքով սահմանվում են պետական կառույցներից՝ ազգային մակարդակից մինչեւ քաղաքացու պարտականությունները: Նոր օրենքում ամեն ինչ նոր է լինելու, նաեւ տերմինները, որոնք օրինագծի ընդունումից հետո օգտագործվելու են նաեւ ենթաօրենսդրական ակտերում: «Տերմինների փոփոխության եւ հստակեցման միջոցով փորձում ենք փոխել մտածելակերպը: Օրինակ, որ երկրաշարժը աղետ չէ, այլ բնական երեւույթ, որ եղել է եւ լինելու է: Աղետ է երկրաշարժի հետեւանքը: Սա մտածելակերպի փոփոխության եւ անվտանգության մշակույթի ձեւավորման հարց  է լուծելու»,- կարծում է Արմեն Չիլինգարյանը:

«Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման» օրենքը երեք ուղղություն է ունենալու.

Աղետների ռիսկի աղետների ռիսկի բացահայտում, կանխում, կանխարգելում

Օպերատիվ արձագանքում եւ վաղ վերականգնում

Հետաղետային վերականգնում:

Վերջինը եւս նոր տերմին է: Հետաղետային վերականգնումը զարգացման ծրագիր է, ոչ թե պարզ վերականգնում՝ եղածի վերադարձ: Որոշում կայացնողները սա պիտի լավ գիտակցեն:

Նախագիծը 99 տոկոսով մշակված է: Շուտով կդրվի արտակարգ իրավիճակների համակարգում եւ գերատեսչությունների միջեւ շրջանառության, հետո կդրվի նաեւ հանրային քննարկման, իսկ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի միջոցով կտրամադրվի միջազգային եւ տեղական գործընկերներին: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման» օրենք կունենանք 2020 գարնանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ