Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Հրդեհաշիջումը՝ թունելներում»․ Վերապատրաստում Ռուսաստանում

«Հրդեհաշիջումը՝ թունելներում»․ Վերապատրաստում Ռուսաստանում

2413
Տարածել

Նոյեմբերի 11-16-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Պետական հակահրդեհային ակադեմիայում,  «Հրդեհաշիջման մարտավարությունը ճանապարհային, երկաթուղային թունելներում եւ ստորգետնյա կառույցներում» թեմայով վերապատրաստման դասընթաց է անցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 ծառայող՝ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը,  Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Գառնիկ Պապոյանը, Կապանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Մհեր Միրզոյանը, Դիլիջանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Ռոմանոս Անանյանը,  Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ կապիտան Արսեն Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արտյոմ Կարապետյանը, Սեւանի ՀՓՋ խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Վահան Միքայելյանը, Ստեփանավանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Ատոմ Զուրաբյանը,  ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Վահան Թունյանը եւ Կենտրոն  բաժնի թիվ 8 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Տիգրան Մարկոսյանը։

Խմբի ղեկավար Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի մարտավարական մոտեցումները նույնն են, միայն ռուս մասնագետների ստեղծած նորագույն տեխնոլոգիաները, ինչպիսիք են, օրինակ, բազմաֆունկցիոնալ, ջերմային ակտիվացված ջրով եւ երկխցիկ, երկկողմանի երթեւեկության հնարավորությամբ հրշեջ-մեքենաները, ավելի օպերատիվ են դարձնում ծառայությունը եւ անփոխարինելի են թունելներում արտակարգ իրավիճակների դեպքում։ «Ղազախստանը ջերմային ակտիվացված ջրով չորս մեքենա է ձեռք բերել։ Մեզ մեկն էլ է բավարար ամբողջ Հայաստանի տարածքը սպասարկելու համար։ Մեքենան քիչ ջուր է ծախսում, գոլորշին կլանում է ծուխը, եւ կարելի է առանց շնչառական ապարատի աշխատել», -մանրամասնեց հրամանատարը:

Մոսկվայի մետրոպոլիտենում հաճախակի հրդեհները մեծ բարդություններ են առաջացնում հրշեջների համար։ Ներկայումս Ռուսաստանի գիտնականները նախագծում են նոր շնչառական ապարատներ, որոնք թույլ կտան ստորգետնյա ծխապատ գոտում մոտ 2 ժամ տարբեր աշխատանքներ կատարել։

Շնչառական ապարատների խնդիրը հրատապ է նաեւ մեր փրկարար ծառայությունում։ Սեղմված թթվածնով աշխատող «Օմեգա» հակագազերով աշխատաժամանակը 30 րոպե է։  Սամվել Մարտիրոսյանը մտաբերեց, թե տարիներ առաջ ինչ դժվարությամբ են մարել ստորգետնյա ավտոկայանատեղիում բռնկված մեքենայի հրդեհը։ Հարցը ներկայացվել է արտակարգ իրավիճակների նախարարին, մշակվում են լուծումներ։

Դասընթացի շրջանակում կազմակերպվել է շրջայց Մոսկվայի տեսարժան վայրերով։ Ավարտին տրվել է որակավորման բարձրացման վկայական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ