Գլխավոր ՀՀ ՆԳՆ «Գազածխապաշտպանների պատրաստություն»․ վերապատրաստում Ռուսաստանում

«Գազածխապաշտպանների պատրաստություն»․ վերապատրաստում Ռուսաստանում

2499
Տարածել

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության Մոսկվայի ակադեմիայում անցկացվել է «Գազածխապաշտպանների պատրաստություն եւ հրդեհաշիջման ժամանակ ծխահեռացման կազմակերպում» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ -փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հարություն Հակոբյանը, Գավառի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արսեն Բարսեղյանը, Երեւանի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Ահարոն Ղազարյանը, Նոյեմբերյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Վարդան Աբովյանը, Սպիտակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արգամ Հակոբյանը, Եղվարդի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արմեն Սարդարյանը, Վեդու ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանը, Վայոց ձորի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Նիկոլայ Մկրտչյանը, Փրկարարական ուժերի վարչության «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Հայկ Կարակոզովը, ԵՓՎ Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Սերգեյ Նիկողոսյանը:

Քննարկվել են հետեւյալ թեմաները՝ «Հիմնական գազածխապաշտպան ծառայության ապահովումն ու տարհանման անվտանգությունը», «Անվտանգության անցակետում կատարվելիք գործողությունները եւ անվտանգության ապահովումը», «Շնչառական, տեսողական օրգանները պաշտպանող միջոցները եւ դրանց բնութագրերը», «Ուժերի եւ միջոցների ճիշտ եւ օպտիմալ գործողությունները սպասարկվող տարածքներում», «Աշխատանքը հրշեջ սանդուղքներով», «Մարտական գործողությունները հրդեհի մարման ժամանակ», «Քիմիական եւ ռադիացիոն գոտիներում տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքները» եւ այլն։

Խմբի ղեկավար Հարություն Հակոբյանի խոսքով՝ կազմակերպվել է գործնական վարժանք, որի ժամանակ հայ փրկարարները ծխապատ կոնտեյներում կատարել են տուժածի հայտնաբերման եւ դուրսբերման աշխատանքներ։ Փրկարարը նկատեց, որ ռուսական կողմը վաղուց անցել է թթվածնային մեկուսիչ հակագազի, իսկ մենք դեռ սեղմված օդով «Օմեգա» համակարգ ենք կիրառում, որն առողջության համար ռիսկ է պարունակում։ Բացի դրանից՝ առաջինի դեպքում ծխապատ գոտում աշխատանքի տեւողությունը կազմում է 4 ժամ, ինչը չորս անգամ գերազանցում է «Օմեգա» հակագազերով աշխատաժամանակը։

Եղվարդի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արմեն Սարդարյանը մտաբերեց գազածխապաշտան ծառայության աշխատակիցների պատրաստման մարզասրահները։ Դրանցից են լաբիրինթոսի տեսք ունեցող մութ ջերմային խցիկը, որով անցնելով՝ հրշեջը որոշ առաջադրանքներ է կատարում։ Հրդեհի խցիկում խաղարկվում է «բաց կրակ», որն օգնում է հրշեջին հաղթահարել վախը եւ ծխի պայմաններում դուրս բերել տուժածին։ «Ջոկատներ այցելեցինք։ Հետաքրքրիր էր, որ գազածխապատշպաններն իրենց առանձին մեքենաներն ունեն, նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Ռուս գործընկերների խնդրանքով՝ ներկայացրինք նաեւ մեր փորձը»,- նշեց Արմեն Սարդարյանը։

Դասընթացի շրջանակում հայ պատվիրակությունը շրջել է Մոսկվայի տեսարժան վայրերով, դիտել ակադեմիայի կուրսանտների «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի հումորային ծրագիրը։

Ավարտին տրվել է որակավորման բարձրացման վկայական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Ռուսաստանում անցկացված այլ վերապատրաստումներ.

«Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը»

«Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը»

«Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը»

«Լեռնային պատրաստություն»

«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ»

«Արդյունաբերական լեռնագնացություն»

«Արտակարգ իրավիճակներից տուժածների համար ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում»

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»