Գլխավոր Վերլուծություն Փրկարարի երջանկության որոնումները

Փրկարարի երջանկության որոնումները

2000
Տարածել

Փրկարարի առաքելությունը մարդասիրության իր չգրված օրենքներն ունի։ Հրշեջ-փրկարարը իր կյանքով ռիսկի դիմելով այլոց կյանքն է փրկում: Նա պիտի գնահատվի ու ապրի բարեկեցիկ կյանքով: ՀՀ կառավարության որոշմամբ եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով:

Այս զրույցը փրկարարի աշխատանքային դժվարությունների, բազմազբաղ առօրյայում պարզ մարդկային երջանկության որոնումների մասին է։ 

Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում ամեն «բարի լույս»-ին նույն հարցն է հաջորդում․ « Զինվորդ ո՞նց է»։ Օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արտակ Զարգարյանի ու վարորդ, փ/ծ ենթասպա Բոգդան Ճաղարյանի որդիներն Արցախում են ծառայում։ Նրանց հոգսն առաջինը կիսողը հերթափոխի տղաներն են։ «Ջոկատով երեք օր ճամփա գնացինք՝ մեր զինվորներին տեսնելու։ Մոր ձեռքով թխած հացին տղաս շատ էր սպասում։  Քարվաճառ-Տիգրանակերտ-Աղդամ-Ասկերան՝ ամբողջ ճանապարհին մի սառնորակ աղբյուր չկար, որ նստեինք, շունչ քաշեինք։ Այդ դատարկությունը տեսնելով՝  ավելի ես սկսում սիրել քո հողը, քո ծննդավայրը»,- ասում է Արտակ Զարգարյանը, որը տարիներ առաջ վերջնականապես հրաժարվեց արտերկրում աշխատանք փնտրելու մտքից եւ շուտով վաստակած կենսաթոշակի կանցնի։ 

1995 թվականից ջոկատում է ծառայում։ Մասնագիտությամբ խոհարար է, նաեւ մեքենաներ է վերանորոգում։ Երկու երեխաներին բարձրագույն կրթության է տվել, որ իր պես չարչարանքով ապրուստ չվաստակեն։ 22-ամյա դուստրն ապագա կենսաբան է, ապրում է Երեւանի ուսանողական հանրակացարանում։ Հայրն անկեղծանում է՝ ուսանող պահելը մեծ ծախսեր է պահանջում։ Բայց մի՞թե դա չէ ծնողի պարտքը։  

Սահմանամերձ Ճամբարակում բնակվող փրկարարի ցանկությունը մեկն է՝ իր համայնքում եւ սահմանի երկու կողմերում խաղաղություն լինի, բոլոր զինվորներն անփորձանք տուն վերադառնան։ Որդու հետ մեծ հույսեր է կապում։ Կատակում է՝ տղա է, ամուսնանալու միտք կունենա․ հոկտեմբերից ավելացված աշխատավարձով որոշել է տան վերանորոգում սկսել։ 

Արտակ Զարգարյանի խոհարարական հմտությունների մասին ճամբարակցիները քաջատեղյակ են։ Միայն թե լավ առիթ լինի, եւ հայկական խոհանոցի համն ու հոտը նրա ձեռամբ տարածվում է շրջակայքում։

Բոգդան Ճաղարյանի որդին Ֆիզուլիում է ծառայում, տանկի հրամանատար է, 8 ամսից կզորացրվի։ Սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» բաժնում։ Հայրը զարմանում է՝ էլ  ի՞նչ պիտի սովորեր․տղան ծնվել, մեծացել է փրկարարի ընտանիքում։  Դուստրը Մանկավարժական համալսարանի վճարովի համակարգի ուսանող է։ Հոր խոսքով՝ ծախսերը շատ են, բայց զինվոր որդու համար ոչինչ չի խնայում։ Արցախ մեկնող ամեն ծանոթ-անծանոթ մեքենայի հետ ուտելիքով ու խնամքի պարագաներով բեռնված կապոց է ուղարկում։ 

Փորձառու վարորդը ջոկատում է 2001 թվականից։ Անգիր գիտի իր մեքենայի ամեն մանրուքը։  Ծառայության ընթացքում շատ դժվարություններ է տեսել․ հնամաշ հրշեջ-տեխնիկան հաճախ խափանվում է ցրտաշունչ եղանակից, Ճամբարակի տարածաշրջանին բնորոշ լեռներից ու քարերից։ Ջրի լիցքավորման խնդիրն ամենահրատապն է։ Այդուհանդերձ արագ արձագանքումը երբեք չի ուշանում։ 

Հայկական ատոմակայանի հատուկ հրշեջ-ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ, ծնունդով մրգաշատցի Ռադիկ Կարապետյանն օգոստոսին է ընտանիք կազմել։  Ավարտել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրի ծրագիրը՝ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ, մագիստրատուրան շարունակում է ՃԿՊԱ-ում։

Պատահականությամբ թե ճակատագրով՝ ՀԱԷԿ-ի մասին դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից հետո ծառայության է անցել ատոմակայանում։ Աշխատանքային պատասխանատվությունից եւ վտանգներից չի վախենում․ ՀԱԷԿ-ի յուրաքանչուր աշխատող տեխնոլոգիայի, մուտքերի եւ ելքերի, վտանգավոր տեղամասերի  մասին գերազանց գիտելիք ունի։ Ջոկատ ոտք դնելու առաջին օրվանից անցել է 5,5 տարի․ մի կարեւոր բան է սերտել՝ երբեք չթերագնահատել շրջապատի վտանգները։ Նույնը նաեւ տան անդամներին եւ ընկերներին է հորդորում։ 26-ամյա երիտասարդը նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, այժմ իրեն մասնագիտական կրթությանն ու աշխատանքին է նվիրել։ Նորաստեղծ ընտանիքում հոգսը հավասար են կիսում․ ապագա երեխաների մասին մտածել է պետք։ Հոկտեմբերի 1-ից աշխատավարձը բարձրացել է: Արդեն գիտի, թե ինչ է անելու:

Ապարանի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արթուր Մովսիսյանը 1997 թվականից անցել է հրշեջ ծառայության վերափոխման բոլոր փուլերով։ Իր հերթափոխի տղաների առաջին ընկերն է եւ աջակիցը, գիտի բոլորի ընտանեկան եւ սոցիալական խնդիրների մասին։ Ասում է՝ լավ հրամանատարը նա է, որն, անկախ հրատապությունից, դեպքի վայրում կարողանում է իր ծառայողին հետ պահել փորձանքից։ Մի փրկարարի կյանքը հազար կյանք արժե։ «Երբ գույքդ աչքիդ դիմաց վառվում է, ժամանակը քեզ երկար է թվում։ Տուժածները մեզ հաճախ նախատում են, թե ինչու ենք ուշանում։ Չեմ մեղադրում նրանց, բայց պետք է հասկանան, որ մարդու կյանքն ավելի թանկ է։ Կարեւորը՝ զոհ չլինի»,- նշում է հերթափոխի պետը եւ վերհիշում տարիներ առաջ Արայի լեռան վրա մի երիտասարդի մոլորվելու պատմությունը, երբ երկու ջոկատի 8 փրկարարով գիշերել են լեռան լանջին՝ ցրտից պաշտպանվելու համար այրելով միակ տաք բաճկոնը։ 

Փորձառու փրկարարը երկու զավակ ունի․ 15-ամյա որդին ապագա գյուղատնտես է, դեռադաս դուստրը վոկալի դասերի է գնում։ Հայր ու աղջիկ տանը երբեմն հայրենասիրական երգերի երեկո են կազմակերպում։  Փոքրուց երեխաներին սովորեցրել է 1-01, 1-02  եւ 1-03 «փրկության» հեռախոսահամարները,  հոր սպասարկած բոլոր խոշոր դեպքերի մանրամասները տարիներ անց անգիր են հիշում։ 

Ընտանիքն ապրում է չորրորդ կարգի վթարային բազմահարկ շենքում։ Նորակառույց բնակարան տեղափոխվելու երազանքն այդպես էլ անկատար մնաց․երկու տարի առաջ կանգ առավ կառավարության միջոցներով մեկնարկած շենքի շինարարությունը։

46-ամյա Արթուր Մովսիսյանի առաջիկա նպատակները զավակների հետ են կապված։ Հերթափոխից ազատ ժամանակ բազմակի մեդալակիր, նախկին պրոֆեսիոնալ կարատեիստը երբեմն մարզասրահ է հաճախում։ Ժպիտով նշում է՝ տարիքն իրենն ասել է․ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ