Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ ոլորտում համագործակցության Հայաստանի փորձը զարմացրել է շատերին

ԱՌՆ ոլորտում համագործակցության Հայաստանի փորձը զարմացրել է շատերին

545
Տարածել

2017 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքում կայացավ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգի ձեւավորմանն ուղղված առաջին տեխնիկական աշխատաժողով:

2018 թվականի փետրվարի 27-ին եւ 28-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է մոնիթորինիգի համակարգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություների վերաբերյալ առաջին տարածաշրջանային աշխատաժողով,իսկ սեպտեմբերի 17-21-ը Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվեց Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվությունների մշակման եւ աղետների կորուստների տեղեկատվական բազա՝ շտեմարան ստեղծելու թեմայով միջազգային աշխատաժողով:

Այս տարվա նոյեմբերի 5-7-ը Բոննում կայացել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի հերթական տեխնիական աշխատաժողովը, որին մասնակցել է 40 երկրի 80 ներկայացուցիչ եւ փորձագետներ միջազգային կառույցներից: Հայաստանը ներկայացրել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը:

Ըստ նրա, հանդիպման նպատակը հաշվետվողականությունն էր՝ երկրները հաշվետվություն էին ներկայացնում Սենդայի ծրագրի մշտադիտարկման համակարգում կատարած աշխատանքների վերաբերյալ. որ երկիրը ինչ խնդիր ունի, ինչ օգնություն է ակնկալում, ինչ հաջող փորձ ունի, որ կարող է կիսել այլոց հետ:

Սենդայի ծրագրի  մշտադիտարկման https://sendaimonitor.unisdr.org/ առցանց համակարգը գործարկվել է 2018 թվականի մայիսին, սակայն այսօր բոլոր երկրները չէ, որ կարողանում են հաջողությամբ գործարկել այս համակարգը: Համակարգը պիտի արտացոլի աղետների հետեւանքների կորուստների, այդ թվում՝ մարդկային կորուստների մասին տվյալներ:

Բոննում զեկույց է ներկայացրել 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Բացի մշտադիտարկման համակարգից, քննարկվել են նաեւ ԱՌՆ ոլորտում միջազգային համագործակցության ուղղությունները, երկրների ԱՌՆ կամ ԱՌԿ ռազմավարությունները, վաղ ազդարարման համակարգերը: Արմինե Հայրապետյանի խոսքով, ԱՌԿ ոլորտում Հայաստանի իրականացրած ծրագրերի եւ արած քայլերի մասին զեկույցը հետաքրքել է շատերին: Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունն ու դրա իրականացման գործողությունների ծրագիրն ընդունվել են 2017 թվականի մայիսին: Բոննում ներկայացված զեկույցում Արմինե Հայրապետյանը խոսել է նաեւ այս մասին: Շատերը զարմացել են, որ Հայաստանում գործում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ, որը արտակարգ իրավիճակների նախարարության, տեղական, միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության արդյունավետ հարթակ է: Շատ երկրներում համագործակցությունը չի ստացվում, նախարարության աշխատանքը համայնքներ չի հասնում հենց համագործակցության այս օղակի բացակայության պատճառով: Արմինե Հայրապետյանի զեկույցից հետո Կամերունի ու Կենտրոնական աֆրիկյան հանրապետության ներկայացուցիչները նրան խնդրել են իրենց երկրներում նման հարթակ ձեւավորելու հարցում օգնել, թեկուզ ուղեցույց տրամադրել:

Մեր զրուցակիցը վստահ է, որ եղածով չպետք է բավարարվենք, պետք է հնարավորինս զարգացնենք եւ աջակցենք գործող կապերի հետագա զարգացմանը: ԱՌԿ ռազմավարությունը մշտապես արդիականացնենք՝ ըստ օրեցօր աճող ռիսկերի ու մարտահրավերների: Պետական, համայնքային ամեն գերատեսչություն եւ կառույց պիտի ունենա հստակ անելիք ու երկրի զարգացման ցանկացած ծրագիր պետք է մշակվի ռիսկերի գիտակցումով պայմանավորված:

Բոննում կայացած տեխնիական աշխատաժողովում արձանագրվել է, որ կլիմայական փոփոխություններն ու շրջակա միջավայրի դեգրադացիան նոր ռիսկերի առաջացման պատճառ են ու էկոհամակարգի պահպանումն է ռիսկերի նվազեցման նախապայմանը: Իսկ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի նվազեզման գործում պիտի համագործակցեն բոլորը՝ միջազգային կառույցները, պետությունները, իսկ պետությունների ներսում՝ ազգային, համայնքային կազմակերպությունները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ