Գլխավոր Միջոցառումներ Խոշորամասշտաբ վարժանք «Կարեն Դեմիրճյան» ՄՀՀ-ում (լուսանկարներ)

Խոշորամասշտաբ վարժանք «Կարեն Դեմիրճյան» ՄՀՀ-ում (լուսանկարներ)

568
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը այսօր՝ նոյեմբերի 12-ին անցկացրեց հերթական խոշորամասշտաբ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ այս անգամ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Վարժանքի թեման էր. «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»:

Ըստ սցենարի, համալիրի սպորտային դահլիճում` վերանորոգման (եռակցման) աշխատանքներ իրականացնելիս տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթուն, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվում եւ տարածվում առաջացած օջախից բոլոր ուղություններով: Համալիրի ներսում առաջանում է ծուխ, որն աստիճանաբար դառնում է ավելի խիտ: Միջանցքներում կուտակված ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ մնում են արգելափակված սենյակներում` կան տուժածներ:

Վարժանքին մասնակցում էր հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հոգեբան-փրկարարներ, ավելի քան մեկ տասնյակ փրկարարական տեխնիկա, նաեւ առողջապահության նախարարության շտապ օգնության երկու ավտոմեքենա, «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ, ոստիկանության չորս կարգախումբ, «Երեւան Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններից մեկական վթարային խումբ: Հայաստանում առաջին անգամ փրկարարական վարժանքներում կիրառվեց ուղղաթիռ: Այս ուղղաթիռը 2-3 անգամ օգտագործվել էր տուժած քաղաքացիներին եւ փրկարարին բուժհաստատություն տեղափոխելու համար:

Նախքան փրկարարների ժամանելը համալիրի պահակային եւ հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է 70 աշխատակցի եւ քաղաքացու տարհանումը: Դեպքի վայր հասած փրկարարները տարհանում են արգելափակված տուժածներին, առաջին օգնության համար ծավալում է բժշկական կետ, փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության խումբը ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, գազածխապաշտպան ծատայությունը ապահովում է շնչառական ապարատների անխափան աշխատանքն ու բալոնների սեղմված օդով լիցքավորումը, ավտոբաքերից մեկն էլ ապահովում է մշտական ջրամատակարարում: Շտապ օգնության բրիգադները մեքենաներով եւ ուղղաթիռով տուժածներին տեղափոխում են մասնագիտացված բուժհաստատություններ: Փրկարարներից հրահանգներ ստանալուց հետո «Երեւան Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների վթարային խմբերը իրականացնում են կոմունալ-էներգետիկ համակարգերի վերականգնում՝ ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերի վնասված հատվածների նորոգում, վթարային լուսավորութան ապահովում եւ վնասված տեղամասերի էլետրամատակարարման վերականգնում:

Վարժանքի ավարտին լրագրողների հետ զրույցում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ որոշ խնդիրներ են բացահայտվել, օրինակ շինության հիդրատների հետ կապված: Այլ խնդիրներ էլ կան. «Մարզահամերգային համալիրի կառուցվածքն էնպես է, որ պատշգամբներ ունի, դրանցից մարդկանց փրկելու հնարավորություն կա, բայց դահլիճի այլրվելու դեպքում շատ վտանգավոր է: Այդ պրոբլեմը ունենք բոլոր տեղերում՝ հատուկ օբյեկտներում՝ պատկերասրահ եւ այլն: Առեւևտրի կետերում շատ լուրջ խնդիրներ, շուկաներում, բժշկական հաստատություններում, ուսումնական հաստատություններում: Պատկերացրեք էն տեղերը, որտեղ հանգցնելու համար չի կարելի օգտագործել ջուր, չի կարելի օգտագործել փրփուր, որովհետև էնտեղ պահվող արժեքները կփչանան: Էս բոլորը մենք գիտենք, փորձում ենք լուծում տալ, աշխատում ենք»:

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանի խոսքով, նման վարժանքների նպատակն է կատարելագործել փրկարարների մասնագիտական որակները, բարձրացնել փրկարար ծառայության եւ այլ ծառայությունների ու արձագանքող ուժերի համագործակցության մակարդակը: Արսեն Սարոյանի խոսքով, համագործակցությունն ակտիվ է ու խնդիրներ չկան: Ուսումնավարժության նախապատրաստման եւ խաղարկման խմբի ղեկավար, փ/ծ փրկարարական ուժերի վարչույթյան փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ, փ/ծ գնադապետ Մանվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին օգնած բոլոր կառույցներին ու պատասխանատուներին, այդ թվում՝ «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությանը՝ ուղղաթիռ տրամադրելու համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ