Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն ազատել են արգելափակված կենդանուն

Փրկարարներն ազատել են արգելափակված կենդանուն

847
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 380 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 117 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 28 կեղծ կանչ: 

Փրկարարները 141 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Շիրակում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 2 դեպքում: Արգելափակված 1 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 1 մարդ:

Այլ կանչեր. Ավանի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, որ Աճառյան փողոցի բնակիչներից մատն արգելափակվել է մատանու մեջ, մատանին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները 28-ամյա կնոջ մատից հանել են մատանին: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` անասնագոմում, կովի ոտքն արգելափակվել է երկաթե ճաղավանդակների արանքում: Հրշեջ-փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը դպրոցի 2-րդ հարկում եւ շենքից տարահանման կազմակերպումը», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումն ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հատուկ դպրոցում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: