Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն հոկտեմբերի 6-19-ը Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում անցկացվել է «Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երեւանի փրկարարարական վարչության Կենտրոն բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հարություն Հարությունյանը, Վայոց Ձորի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, Գեղարքունիքի ՄՓՎ Բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Փրկարարական ֆակուլտետի Հրդեհային պաշտպանության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը, Գյումրու ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Էդվարդ Սարոյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի թիկունքի գծով պետի տեղակալ, փ/ծ մայոր Գուրգեն Ստեփանյանը, ՓԾ Փրկարար ուժերի վարչության Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Ռոման Գրիգորյանը, Աբովյանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Գեւորգ Սեդրակյանը, Նոյեմբերյանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Հայկ Ազատյանը։
Դասընթացի թեմաներն էին «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը մարդկանց զանգվածային կուտակման վայրերում», «Ստորաբաժանումների մարտական գործողությունների դասակարգում եւ հրդեհի ժամանակ իրավիճակի գնահատում», «Հրդեհաշիջման համար անհրաժեշտ ուժերի եւ միջոցների հաշվարկ», «Հրդեհաշիջումն առեւտրի կենտրոններում, կինոթատրոններում, թատրոններում եւ զվարճանքի այլ օբյեկտներում, մետրոպոլիտենում, գետնանցումներում, պահեստներում, հրդեհավտանգ եւ պայթունավտանգ հեղուկներ պարունակող ռեզերվուարներում», «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում», «Հրամանատարի եւ ղեկավարման շտաբի աշխատանքների կազմակերպումը» եւ այլն։
Խմբի ղեկավար Հարություն Հարությունյանը մատնանշեց հատկապես ուժերի հաշվարկի քաղաքականությունը, որը, ռուս մասնագետների հավաստմամբ, արդյունավետ է։ Եթե մեր երկրում հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետն ինքն է որոշում ծավալվող փողրակների եւ օգտագործվող ջրի քանակը՝ որպես հրդեհաշիջման ղեկավար, ապա Ռուսաստանում այս հաշվարկները հստակ են, ամրագրված ներքին կանոնակարգով։ Սա նաեւ իրավական պաշտպանություն է ապահովում այն հրշեջների համար, որոնց դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Գնդապետի հրահանգով՝ հրշեջ-մարտավարական հաշվարկները կներառվեն Կենտրոն բաժնի հրշեջ-ջոկատի դասաժամերում։
Անդրադառնալով մարդկային զանգվածային կուտակման վայրերում հակահրդեհային անվտանգությանը՝ խմբի ղեկավարն ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ առաջընթաց կա։ Օրինակ՝ կինոթատրոններում եւ թատրոններում տեղադրվում են կենտրոնացված եւ ինքնաշխատ ազդարարման համակարգեր, անվտանգության աշխատակիցները հետեւում են ելքերի անցանելիությանը։ Վառ օրինակ է օրեր առաջ «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի շենքում պայթուցիկի սարքի տեղադրման մասինահազանգը, երբ հաշված րոպեներում հյուրանոցի անվտանգության պատասխանատուները տագնապ հայտարարեցին, տարհանեցին հանգստացողներին եւ արգելեցին լրագրողների մուտքը շենք։
Ռուսաստանի պես տեխնիկապես գերհագեցած երկրում խնդիրները շատ են։ Դրանցից մեկը Մոսկվայի մետրոպոլիտենն է։ «Մետրոպոլիենում մալուխային գծեր կան, որոնք մասին լիարժեք տեղեկություն չունեն անգամ հրշեջները։ Դրա հետ մեկտեղ՝ մետրոյում հնարավոր հրդեհների դեպքում մարդկային կորուստները բացառելու համար կառուցվում են զուգահեռ գծուղիներով կայարաններ, որոնք թույլ կտան հրշեջ-գնացքներին տարհանել ուղեւորներին եւ անվտանգ վայր տեղափոխել։ Հրշեջ-գնացքները 70 տոննա տարողությամբ ցիստեռներ ունեն եւ հագեցած են ժամանակակից ռոբոտոտեխնիկայով»,- մանրամասնեց ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պաշտպանության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը։
Մասնակիցներին ցուցադրվել էր ակադեմիայի տեխնիկական բազան։ Զարմացրել էր հատկապես ջերմային ակտիվացված ջրով հրդեհաշիջող բազմաֆունկցիոնալ մեքենան, որը 20 ավտոբաքի տարողություն ունի եւ վնասակարության ցածր գործակից։ 1 միլիոն դոլար արժողությամբ այս նորագույն տեխնոլոգիայով հետաքրքրված է նաեւ Չինաստանը։ Մյուս նորարարությունը հրդեհաշիջման շտաբի ծավալման համար նախատեսված ծալովի սեղանն էր, որը հարմար է տեղափոխման համար։ Այն ունի համակարգիչ եւ տեսախցիկներ, հրդեհի մասին բոլոր տվյալները լրացվում են տեղում՝ ըստ հարցաշարի։
«Շտաբային» սեղանի ստեղծողներն ակադեմիայի դասախոսներն են։ Հարություն Հարությունյանը նկատեց, որ պետությունը տարեկան հսկայական գումարներ է ծախսում գիտահետազոտական աշխատանքների համար, գործում են բազմաթիվ փորձագիտական կենտրոններ։
Դասընթացի շրջանակում հայ փրկարարները շրջել են ակադեմիայի Հրշեջ տեխնիկայի թանգարանում, ծանոթացել հրշեջ տեխնիկայի զարգացման եւ Լենինգրադում ինժեներական ինստիտուտի առաջին հակահրդեհային մասնագետների պատմությանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի աշխատասենյակի մանրակերտին եւ այլն։ Կազմակերպվել է այց հոգեբանական սենյակ, քիմիական լաբորատորիա, հակածխային մասնագիտացված մարզասրահ։ Հարություն Ղազարյանի խոսքով՝ ռուսական կողմը խոստացել է հայ գործընկերներին հակածխային մարզահամալիր նվիրել։ Տպավորիչ է եղել նաեւ Օստանկինո հեռուստաաշտարակում էքսկուրսիոն ծրագիրը, որի շրջանակում զբոսավարը պատմել է 2000 թվականի օգոստոսի 27-ին հեռուստաաշտարակում բռնկված հրդեհի մասին, որի օջախը գտնվել է 460 մետր բարձրության վրա։ Դասընթացի ավարտին տրվել է որակավորման բարձրացման վկայական։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները