Գլխավոր Վերլուծություն Ինֆորմացիան ԱՌՆ հզոր գործոն է

Ինֆորմացիան ԱՌՆ հզոր գործոն է

2054
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Ասիա-խաղաղօվկիանոսյան եւ Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային գրասենյակների աջակցությամբ՝ հոկտեմբերի 15-17-ը Երեւանում անցկացվեց հետաղետային վերականգնման հայեցակարգային մոտեցումներին նվիրված միջազգային աշխատաժողով: 

Եռօրյա միջոցառման ուշագրավ թեմաներից էր աղետներից կորուստների տեղեկատվական ազգային շտեմարանը, որի մշակման փուլում է նաեւ Հայաստանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բանգոկի տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչ Ռաջեշ Շարմանը նշեց, որ արտակարգ իրավիճակների տվյալների հավաքագրման շտեմարան ունենալու անհրաժեշտությունը բխում է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի 17 նպատակներից։ Մեր շուրջ կատարվող կլիմայական փոփոխությունների հետեւանքները՝ թայֆուն, ջերմային ալիքներ, ցիկլոն եւ այլն, իրենց անմիջական ազդեցությունն են ունենում երկրի տնտեսության զարգացման վրա։ Աղետից հետո ենթակառուցվածքների վերականգնման համար աշխարհում տարեկան 9 տրիլիոն դոլար է ներդրվում, որի 30 տոկոսը կորսվում է։

ՄԱԿ-ը 1990-ականներին փոքր ու միջին աղետների տվյալների հավաքագրման առաջին քայլերն արել է Լատինական Ամերիկայում։ 2015 թվականի դրությամբ՝ այս ծրագրին միացել է 65 երկիր։

Շտեմարանի տվյալները լրացվում են ըստ չափորոշիչների՝ բնակչության թիվ, սեռատարիքային բաժանում, արտակարգ իրավիճակի տեղն ու ժամանակը, ազդեցությունը տարբեր ոլորտների վրա եւ այլն։

Ռաջեշ Շարմանը շտեմարանի կիրառման լավագույն օրինակներից մատնանշեց Ինդոնեզիան եւ Կոմբոջան։ Երբ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավ-արեւելյան Ասիայում 9,3 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ցունամիներ եղան, եւ 235 հազար մարդ զոհվեց Ինդոնեզիայից մինչեւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, ՄԱԿ-ը տարածաշրջանի 7 երկրի համար կարողությունների զարգացման ծրագիր մշակեց։ Ինդոնեզիայում կատարվեց կարիքների գնահատում, ինչից հետո 35 վարչական միավորում պետական հատկացումները սկսեցին բաշխվել՝ ըստ ռիսկայնության գործոնի։ 2010 թվականին Ինդոնեզիայի կառավարությունը լիովին ստանձնեց տվյալների բազայի հավաքագրման աշխատանքները՝ իր կադրային ռեսուրսով։

Կոմբոջայում, որտեղ բնական երեւույթներից հաճախակի են ջրհեղեղը, երաշտը, կայծակն ու հրդեհը, առաջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մահացության ամենաբարձր տոկոսը ջրհեղեղի պատճառով է։ Մինչ 2014 թվականին շտեմարանի ստեղծումը՝ Կոմբոջայում հստակ սեռային տվյալներ չկային, հայտնի չէր կանանց եւ տղամարդկանց մահացության ցուցանիշները, գյուղական բնակավայրերում կայծակից մարդկային մահացության եւ անասնապահության կրած վնասների չափերը եւ այլն։ Այսօր այս տվյալները հստակեցվել են։

Բոլոր երկրներում չէ, որ ծրագիրը հաջող արդյունք է տվել։ Պատճառները տարբեր են․ որոշները ցանկանում են «կատարյալ» թվալ՝ տրամադրելով ոչ լիարժեք տեղեկություն, մյուսները, ինչպես, օրինակ, Կորեան, չեն ցանկանում հրապարակային դարձնել տվյալները։ «Պետք է հասկանալ, որ ամեն երկիր տեղայնացնում է համակարգը՝ ելնելով իր առաջնահերթություններից, հետեւաբար մոտեցումներն էլ տարբեր են լինում։ Գաղափարը մեկն է՝ կառուցել դիմակայուն երկիր՝ դասեր քաղելով անցյալից․ այդ նպատակով պետք է համայնքային եւ ազգային մակարդակներում քաղաքականություն մշակել, վերապատրաստում անել»,- նշեց Ռաջեշ Շարմանը։

Անդրադառնալով անցյալից քաղած դասերին՝ մեր զրուցակիցը ասաց, որ ծրագրի առաջին գործընկերը կառավարությունը պետք է լինի, ՄԱԿ-ն էլ իր հերթին կօգնի ԱԻ ոլորտում նրա կարողություններն ու մասնագիտական անձնակազմը համալրելուն։ Մտաբերելով 2013 թվականին Հայաստանի 7 համայնքում կարկուտի պատճառած մոտ 35 միլիոն դրամ վնասը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայսատանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանն իր հերթին հավելեց, որ կանխարգելումը միշտ ավելի ձեռնտու է։ Եթե ժամանակին կարկտաբեր ամպերի կանխատեսման համակարգեր ձեռք բերեինք, նման խնդրի առաջ չէինք կանգնի։

«Այս դաշտում երկու մեծ խաղացող կա՝ պետությունն ու համայնքը։ Խնդիրը նրանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրական ակտերով հնարավոր չէ համայնքին որեւէ ծրագիր «պարտադրել»։ Մեզ մնում է արթնացնել մարդկանց գիտակցությունը մարդկային կյանքի արժեքի եւ փոխօգնության վերաբերյալ։ Վստահ եմ՝ քաղաքացին, ում պահեստավորված անասնակերը կամ խաղողի այգիները վնասվել են, ցանկանում է պատրաստված լինել։ Մենք պետք է դառնանք նրանց ուղեցույցը, տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների օգնությամբ ձեւավորենք նախաաղետային հոգեբանություն»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը։

Սերբիայի կառավարության հանրային ներդրումների կառավարման գրասենյակի տնօրենի տեղակալ Սանդրա Նեդելժկովիչից տեղեկացանք Սերբիայում տվյալների հավաքման մարտահրավերների եւ ձեռքբերումների մասին։ «Մինչեւ 2018 թվականը գերատեսչությունները եւ համայնքները տվյալների տրամադրման հարցում թերի էին աշխատում։ Նախորդ տարի մենք ընդունեցինք «Աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների կառավարման մասին» օրենք, որով բոլորը պարտավորվում են իրենց համայնքում առկա տվյալները գրանցել աղետների ռիսկերի ռեգիստրում։ Ռեգիստրը հեշտացրեց նաեւ քաղաքացիների եւ ներդրողների գործը։ Տարբեր հիմնարկներից թղթեր հավաքելու փոխարեն՝ այս ամենը կենտրոնացվել է մեկ տեղում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սանդրա Նեդելժկովիչը եւ հավատացրեց, որ ճիշտ ինֆորմացիան աղետների ռիսկի նվազեցման առաջին գործոնն է։ Եթե գիտես քեզ սպառնացող վտանգները, տունդ ավելի ամուր կկառուցես, կապահովես անվտանգությունդ։ Իսկ ներդրողները միշտ ողջունում են թափանցիկ եւ ազնիվ գործելաոճը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ