Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված բելգիացուն

Փրկարարները գտել են մոլորված բելգիացուն

189
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 363 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 113 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 18 կեղծ կանչ:

Փրկարարները 128 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Նոր Նորք, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 2 դեպքում: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 4 մարդ:

Այլ կանչեր. Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աբովյան քաղաքում 12 տարեկան երեխան բարձրացել է ծառը եւ չի կարո­ղա­նում ինքնուրույն իջնել: Փրկարարները երեխային անվնաս իջեցրել են ծառից: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու մատույցներում մոլորվել է Բելգիայի քաղաքացի: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մոլորվածին եւ եւ ուղեկցել անվտանգ տարածք:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջումը ալրաղացում», «Փրկարարական օգնության ցուցաբերում բախված երկու ջրային մոտոցիկլների վրա գտնվող երեք քաղաքացու», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումն ու տարհանումը դիվանագիտական համալիրում», «Երկրաշարժի ժամանակ մասնակի փլուզում, հրդեհ փլատակներից տուժածների դուրս բերում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները ուսումնական հաստատություններում», «Վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը, միջին ճնշման գազատարի վթարի դեպքում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: