Գլխավոր Միջոցառումներ Վարժանք ԱՄՆ դեսպանատանը

Վարժանք ԱՄՆ դեսպանատանը

2223
Տարածել

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվել էր «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դիվանագիտական համալիրներում» վարժանք` հրշեջ տեխնիկայի ներգրավմամբ: Վարժանքին մասնակցում էին հրշեջ-փրկարարների երկու մարտական հաշվարկ, աղետների բժշկության կենտրոնի բժիշկներն ու հոգեբան-փրկարարները:

Վարժանքի ղեկավար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մանվել Ավետիսյանի խոսքով, նման վարժանք անցկացնելու առաջարկով մեր փրկարար ծառայությանն էր դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը:

Վարժանքի սցենարի համաձայն, դեսպանատան ճաշարանում ռումբ է պայթել եւ հրդեհ բռնկվել: Աշխատակիցները զանգահարել են 911 եւ նախքան փրկարարների ժամանելը տարհանել աշխատակիցներին:

Դեպքի վայր հասած փրկարարներն արագ կազմակերպեցին տուժածների տարհանում դեսպանատան շենքի տարբեր հարկերից եւ տանիքից, ցուցաբերեցին առաջին օգնություն, որից հետո տուժածները շտապ-օգնության մեքենայով  տեղափոխվեցին բուժհաստատություններ:

Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունում հրշեջ տեխնիկայի ներգրավմամբ վարժանք կազմակերպվում է երկրորդ անգամ: Առաջինը 2012 թվականին էր` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: Իսկ անվտանգության մշակույթի, աղետներից առաջ, հետո եւ աղետների ժամանակ ճիշտ վարքականոնի մասին դասախոսություն-զեկույցներ շատ են եղել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ