Գլխավոր Ուսուցողական նյութեր Սուզման վտանգները․ Ջրասուզական հիվանդություններ

Սուզման վտանգները․ Ջրասուզական հիվանդություններ

2455
Տարածել

Սուզումը ջրասուզական գործի, ստորջրյա լողի եւ դայվինգի կարեւորագույն բաղկացուցիչն է: Երկու տարբերակում կա՝ սուզում երկարություն եւ սուզում խորություն: Առաջին հայացքից իրար նմանվող սուզումները իրականում խիստ տարբերվում են միմյանցից:

Սուզումը ջրասուզական համալիրով՝ դիմակնոցով, շնչախողովակով եւ լողաթաթերով, կատարվում է շնչառության անկաշկանդ կասեցումով: Սուզման գործընթացում սուզվողը զգալի աշխատանք է կատարում, որի ընթացքում արագ սպառվում է թթվածինը, զարգանում է հիպոքսիա՝ կախված մկանային աշխատանքի ինտենսիվությունից եւ տեւողությունից, ջրի ջերմաստիճանից, հոգեբանական լարվածությունից: Համարվում է, որ սուզման ժամանակ թթվածնի օգտագործումը գերազանցում է 2,5 լիտր/րոպեն: Ներշնչելիս շնչառության կասեցումը բարձրացնում է ներթոքային ճնշումը, դժվարացնում է արյան շրջանառությունը թոքերում եւ արյան ներհոսքը դեպի սիրտ: Խորություն սուզվելիս կրծքավանդակը ճզմվում է, թոքերի ծավալը՝ փոքրանում, ինչն ավելի է դժվարացնում արյան շրջանառությունը:

Հայտնի է, որ մարդու գիտակցությունը կորսվում է հիպերօդափոխության, կրծքավանդակի ներքին ճնշման բարձրացման, հորիզոնական դիրքից ուղղահայացի եւ գլխիվայրից գլխիվերի անցման պատճառով: Հիպերօդափոխությունը բերում է արյան մեջ ածխաթթու գազի քանակի քչացման, ինչի հետեւանքով առաջանում է գլխուղեղի մազանոթների կծկում։ Ներթոքային ճնշման բարձրացումը փակ ձայնաճեղքի պարագայում նվազեցնում է արյան մուտքը սիրտ եւ նվազեցնում սրտային արտանետումը: Ծանծաղ տեղերում սուզորդը երբեմն կտրուկ անցնում է գլխիվերից ուղղահայաց դիրքի, ինչն առաջացնում է արյան կտրուկ հոսք դեպի ներքին վերջույթներ:Այս ամենին գումարելով շնչառության կասեցումը՝ կարող է ուղեղի հիպոքսիայի հետեւանքով առաջանալ գիտակցության կորուստ եւ ավարտվել ջրահեղձումով:

Հայտնի է, որ շնչառական համակարգը չափազանց զգայուն է ածխաթթվի ճնշման չափաբաժնի բարձրացման եւ արյան մեջ թթվածնային լարման պակասորդի նկատմամբ։ Սուզումից առաջ սուզորդը հիպերօդափոխություն է կատարում, ինչի արդյունքում ածխաթթու գազի մի մասը հեռացվում է օրգանիզմից: Դա որոշ չափով ավելացնում է ջրի տակ մնալու հնարավորությունը, սակայն իր մեջ թաքնված վտանգ է պարունակում:

Հիպերօդափոխությունից հետո արյան մեջ ածխաթթու գազի ճնշման հավելումը ջրում դանդաղում է, տեղի է ունենում թթվածնային լարման անկում շնչառության կասեցման պատճառով, ինչը կարող է հասնել վտանգավոր մակարդակի նախքան սուզորդը դուրս կլողա ջրի մակերես:

Գիտակցության կորստին նպաստում է նաեւ մկանների թուլացումը դեպի ջրի մակերես վերլող կատարելիս: Մկանային տոնուսն ընկնում է՝ առաջացնելով արյան կասեցում վերջույթներում եւ նվազեցնելով արյան հոսքը դեպի սիրտ։

Խորություն սուզվելիս սուր թթվածնային քաղցի արդյունքում գիտակցության կորստի վտանգը մեծանում է: Վտանգ կա նաեւ վերլողի փուլում: Ընդհանուր ճնշման թուլացման եւ թոքերի լայնացման արդյունքում թթվածնի ճնշումը ալվեոլյար օդում կտրուկ ընկնում է 5 մ խորության վրա՝ կազմելով մոտավորապես 57 մմ սնդիկի սյուն, իսկ մակերեսին՝ 38 մմ սնդիկի սյունից պակաս: Օրինակ՝ 15 մ խորությունից վերլողը տեւում է 10-15 վրկ, եւ թթվածնի բաղադրությունն ալվեոլյար օդում այդ ժամանակահատվածում նվազում է 5-ից մինչեւ 2-3%: Գիտակցության կորուստը սուր թթվածնային քաղցից տվյալ դեպքում անխուսափելի է :

Առանց տեխնիկական միջոցների սուզումը կարելի է բաժանել չորս փուլի`

  • Հիպերօդափոխություն Հիպերօդափոխության տևողությունը չպետք է գերազանցի 1-2 րոպեն: Սովորաբար փորձառու սուզակները կատարում են 5-6 ներշնչում-արտաշնչում: Թեթեւ գլխապտույտը, մաշկի վրա մրջյունների շարժվելու զգացողությունը եւ մատների ծայրին թեթեւ ծակծկոցը դադարի ազդանշան են: Կատարելով եւս մեկ խոր շունչ՝ սուզորդը սուզվում է:
  • Սուզում Ստորջրյա սուզման արագընթաց ձեւերում սուզման չափը մեծերի համար 50 մ է, փոքրերի եւ պատանիների (14-15 տարեկան) համար՝ 25մ, նույն տարիքի աղջիկների համար՝ 15 մ: Բարձր արագությունը ձեռք է բերվում լողաթաթերի միջոցով։ Լողավազանում մեկնարկը տրվում է ցատկաթմբից։

Սուզում խորությունը կատարվում է բաց ջրամբարներում: Այս գործում գլխավորն արագությունը չէ, այլ ջրի տակ մնալու տեւողությունը: Դրա համար էլ սուզորդի բոլոր շարժումները պետք է լինեն խնայողական, սահուն, սուզման եւ վերլողի արագությունները՝ ոչ մեծ :

  • Վերլող Վերլողը հարկ է սկսել` ունենալով ուժերի որոշակի պահուստ: Գիտակորույս վիճակից խուսափելու համար խորությունից վերլողը պետք է լինի բավական արագընթաց եւ ակտիվ՝ որովայնի մկանների լարումով: Իսկ մակերես հասնելիս մկանները պետք չէ միանգամից կտրուկ թուլացնել, այլ աստիճանաբար, դանդաղ լողալով:
  • Վերականգնում Թթվածնային քաղցի պակասը լրացնելու եւ սիրտ-թոքային համակարգերի հիմնական գործառույթների բնականոնացման համար որոշակի ժամանակ է պահանջվում: Համարվում է, որ առավելագույն հեռավորություն կամ խորություն սուզում վարժությունից հետո հաջորդ սուզումը կարելի է կատարել ոչ շուտ, քան չորս-հինգ րոպե նախկին սուզումից հետո հանգստանալուց հետո: Մարզման ընթացքում թույլատրվում է կատարել երեքից ոչ ավելի այդպիսի սուզում։ Վերականգնման փուլում օգտակար են շնչառական վարժությունները՝ մաքրող շնչառություն, լիաթոք շնչառություն եւ այլն:

Սուզումների ժամանակ անվտանգության կանոնների խախտման հետեւանքով հնարավոր է առաջանան մի շարք հիվանդությունններ՝ ապաճնշակման(կեսոնային) հիվանդություն, թոքերի ճնշավնասք (կեսոնանման) հիվանդություն, ականջի ճնշավնասք եւ ցավեր քթի հավելյալ խոռոչներում, թթվածնային քաղց, թթվածնային թունավորում, թունավորում ածխաթթու գազով, գերտաքացում, գերսառեցում եւ այլն։

Առանց շնչառական օդի պահուստի՝ ազատ սուզումը ստորջրյա սուզումներից ամենաբարդ եւ վտանգավոր տեսակն է։ Այն ստորջրյա սուզորդների ամենահաճախակի մահվան պատճառ հանդիսացող վարժությունն է: ԽՍՀՄ ստորջրյա լողի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որը միավորում էր 52 երկրի ստորջրյա սուզորդների, 1973 թ. հատուկ որոշումով արգելվել էր ռեկորդների հաշվառումը առանց օդապահուստի խորություն-երկարություն վարժությունում, քանի որ վտանգն անցնում է սթափության բոլոր սահմանները, եւ սուզորդի անվտանգությունը չի երաշխավորվում: Սակայն տվյալ վարժությունը մեծ տարածում ստացավ՝ «ֆրի դայվինգ» անվամբ, եւ աշխարհով մեկ այսօր ռեկորդներ են գրանցվում։

Հրապարակումը պատրաստվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի «Ջրասուզական փրկարարական աշխատանքները, դրանցում կիրառվող գույքն ու հանդերձանքը, ջրասուզական աշխատանքների անվտանգության ապահովումը» մագիստրոսական թեզի հիման վրա:

 

Սկիզբն այստեղ. Ջրասուզական հանդերձանք