Գլխավոր ՀՀ ՆԳՆ Որոնողափրկարարական աշխատանքներ. Վերապատրաստում Ռուսաստանում

Որոնողափրկարարական աշխատանքներ. Վերապատրաստում Ռուսաստանում

2910
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն՝ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 5 աշխատակից՝ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեւորգ Գալստյանը, Երեւան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Զավեն Մելքոնյանը եւ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ափոյանը, գործուղվել են Ռուսաստանի Դաշնության ԱՒՆ Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարան՝ «Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացին մասնակցելու։

Մեր փրկարարները ուսումնասիրել են բնածին եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներին, արտակարգ իրավիճակի գոտում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպմանը, մեծ մասշտաբով փլուզումների դեպքում առաջին օգնություն կազմակերպելու ընդհանուր եղանակներին առնչվող թեմաներ։

Տեսական մասից զատ՝ հայ փրկարարները մասնակցել են վարժանքների՝ հրշեջների եւ կինոլոգների մասնակցությամբ, այցելել հատուկ ջրափրկարարական ջոկատ, ծանոթացել փրկարարական աշխատանքներում ակտիվորեն կիրառվող ուղղաթիռներին, որոնք լավագույն տարբերակն են խցանումների խնդիր ունեցող քաղաքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «Ուղղաթիռի տեխնիկական սպասարկումն ավելի թանկ արժե, քան հենց ուղղաթիռը։ Այսօր փորձում ենք փրկարարական աշխատանքների օպերատիվ կազմակերպման համար համագործակցություն հաստատել մեր առողջապահության նախարարության հետ, որն ունի օդային տեխնիկա»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Փրկարարները նաեւ հանդիպել են համալսարանի ռեկտորի հետ եւ քննարկել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ մանկավարժների եւ ուսանողների փորձի փոխանակման հեռանկարային ծրագրերը։

ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի խոսքով, մտադիր են 2020 թվականին ռուս կինոլոգներին եւ սակրավորներին հրավիրել Հայաստան․ այդպես դասընթացներին ավելի մեծ թվով փրկարարներ կներգրավվեն։ Փրկարար ուժերի վարչությունը նպատակ ունի ավելի զարգացնել հատուկ կինոլոգիական ջոկատի կարողությունները, նաեւ նման ծառայություն ստեղծել քաղաքային որոնողափրկարարական թիմեր ունեցող մարզերում՝ Տավուշում, Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում, տեղեկացրեց Տիգրան Պետրոսյանը:

Ռուսաստանում վերապատրաստվողների համար նաեւ մշակութային ծրագիր է կազմակերպվել՝ այց Պետրոպավլովյան ամրոց,  Պալատական կամուրջ, Էրմիտաժ, Կենտրոնական ռազմածովային թանգարան, Պետրոս Մեծի մարդաբանության եւ ազգագրության թանգարան, Լենինգրադի հերոս պաշտպանների հուշահամալիր, Լենինգրադի հրշեջներին նվիրված  հուշարձան եւ այլն։

Դասընթացի ավարտին տրվել է որակավորման բարձրացման վկայական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները

Հ.Գ. Ռուսաստանում կազմակերպված այլ վերապատրաստումներ.

Նորարարական տեխնոլոգիաներ

Լեռնային պատրաստություն

Հակաճգնաժամային կառավարում

Արդյունաբերական լեռնագնացություն

Սկզբնական փրկարարական պատրաստություն