Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները մատանին հանել են այտուցված մատից

Փրկարարները մատանին հանել են այտուցված մատից

2172
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 485 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 233 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 138 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Աջափնյակ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում, Շիրակում, Արարատում, Լոռիում, Արագածոտնում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 7 դեպքում:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարները կեսգիշերն  անց ահազանգ են ստացել, որ Արամի փողոցում բնակչի մատանին մնացել է մատին, մատն այտուցվել է: Փրկարարները մատանին դուրս են բերել 18-ամյա աղջկա մատից: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արտաշատի քաղաքի մատույցներում կովն ընկել է ջրանցքը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները կովին դուրս են բերել ջրատարից:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհա­շիջում եւ տարհանում»,  «Ուժեղ երկրաշարժի դեպքում Մեղրիի ղեկավար կազմի եւ ԱԻՆ անձնակազմի տագնապի ազդարարում եւ հավաք», «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Աղետի կամ ռազմական գործողության հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում հրդեհի առկայությամբ» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: