Գլխավոր Միջոցառումներ Հատուկ տակտիկական վարժանք նախակրթարանի տնօրենի նախաձեռնությամբ

Հատուկ տակտիկական վարժանք նախակրթարանի տնօրենի նախաձեռնությամբ

2583
Տարածել

Ալավերդի քաղաքի թիվ 2 նախակրթարանի տնօրեն Մարգարիտա Աբգարյանի նախաձեռնությամբ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը նախակրթարանում կազմակերպել էր «Աղետների ժամանակ երեխաների գործողությունների ուսուցում եւ տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

«Մանկապարտեզում խոսում ենք բոլոր արտակարգ իրավիճակներից, հատկապես՝ ավագ խմբում։ Պարբերաբար տագնապի ազդանշան ենք տալիս, որպեսզի երեխաները սովորեն խուճապի չմատնվել։ Փոքրերը տագնապը որպես վտանգավոր իրավիճակ են ընկալում, իսկ ավագ խմբի երեխաները փորձում են հասկանալ պատճառն ու հետեւանքը։ Այդուհանդերձ խորհուրդները երբեմն ձանձրացնում են նրանց, ուստի անձնակազմով որոշեցինք մասնագետների հետ հանդիպում-զրույց կազմակերպել։ Հրամանատարը սիրով ընդառաջեց»,- նշում է տնօրենը։

Ջոկատի փրկարարները, փ/ծ փոխգնդապետ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ,  մանկապարտեզի 95 սաներին ուղղորդել են շենքից տարհանվելիս եւ բացատրել մանկավարժներին ճիշտ հաշվառման կարգը։ Տնօրենին հրահանգվել է այսուհետ չփակել տարհանման ելքերը։

Հետաքրքրասեր փոքրիկներն ականատես են եղել փողրակների բացազատմանն ու  հրդեհաշիջման աշխատանքին, հնարավորություն ունեցել լուսանկարվել հրշեջ-մեքենայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարգարիտա Աբգարյանը