Գլխավոր Միջոցառումներ «Դիմակայուն Հայաստան». Հետեւանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ

«Դիմակայուն Հայաստան». Հետեւանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ

3095
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Ասիա-խաղաղօվկիանոսյան եւ Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային գրասենյակների աջակցությամբ, հոկտեմբերի 15-17-ը Երեւանում անցկացված հետաղետային կարիքների գնահատման՝ ՀԱԿԳ (Post-Disaster Needs Assessment՝ PDNA) միջազգային աշխատաժողովի շարունակությունն այսօր Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում անցկացված «Դիմակայուն Հայաստան» խորհրդարանական լսումներն էին, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, միջազգային համաժողովի մասնակիցներ, պատգամավորներ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարճ ձեւակերպեց անվտանգության մշակույթ եւ դիմակայուն երկիր ունենալու սկզբունքը. զարգացման ծրագրերի եւ քաղաքականության հիմքում պետք է դնել ռիսկերի գնահատումը, որ զարգացումը չլինի անկայուն եւ խոցելի, աղետների հետեւանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ: 

Սա ողջ աշխարհում կիրառվող եւ արդարացված մոտեցում է: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ներկայացրեց միայն մեկ թիվ. կանխարգելումը 6 անգամ էժան է հետեւանքների վերացումից:

Իսկ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, դիմակայուն եւ ուժեղ երկիր կարելի է կառուցել միայն համատեղ ջանքերով: Աղետների ռիսկի մեղմացման, նվազեցման, կառավարման ծրագրերում բոլորի (քաղաքացիներ, համայնքներ, պետական կառույցներ, մասնավոր հատված) ունակությունների եւ կարողությունների մեկտեղման մասին խոսեցին նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԻՆ ճգհնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, այլ բանախոսներ: Դմիտրի Մարիյասինը նկատելով, որ միասին կարող ենք հասնել փոփոխությունների իրականացման, խոստացավ խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն: Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա դիմակայուն հայրենիք ունենալու գործում, պետք է լինենք իրազեկ, պատրաստված, համախմբված ու միասնական, որ կառուցենք երկրի անվտանգությունը: ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Տիգրան Գիդաչյանի կարծիքով էլ, ոչ մի կառույց չի կարող միայնակ հաղթահարել աղետները, համագործակցություն է պետք այն գիտակցումով, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները նվազեցնելու են կորուստները:

Համլետ Մաթեւոսյանը կարեւորեց մտածողության փոփոխությունը. գիտելիքը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Պետք է գիտեցածդ կիրառես, որ պաշտպանված լինես՝ սկսած փողոցը ճիշտ վայրում եւ ճիշտ լույսի առկայության պարագայում հատելուց, սիգարետի մնացորդը մեքենայի պատուհանից չնետելուց: Երկրաշարժ եղել է ու էլի կլինի, բայց եթե խոցելի չես, երկրաբանական այս երեւույթը աղետ չի դառնա, փորձությունը փորձանք չի դառնա, եթե լավ կառուցես, ճիշտ շահագործես խոցելի չես լինի, կլինես աղետակայուն: Արմինե Հայրապետյանն էլ հավելեց. լինենք միասնական, համակարգված մտածողության տեր եւ նախաձեռնող: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայսատանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը ամփոփեց քննարկումը. հմուտ մարդը դուրս է գալիս ցանկացած արտակարգ իրավիճակից, խելացի մարդը նման իրավիճակում չի հայտնվում: Մենք հմուտ ենք, ժամանակն է խելացի լինելու:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Հետաղետային կարիքների գնահատմանը նվիրված համաժողովի ու «Դիմակայուն Հայաստան» խորհրդարանական լսումների մասնակիցներին օգնող կամավորները ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն էին,  որոնք լսումների ավարտին պարգեւատրվեցին շնորհակալագրերով: