Գլխավոր ՀՀ ԱԻՆ Վերապատրաստում Ռուսաստանում. Նորարարական տեխնոլոգիաներ

Վերապատրաստում Ռուսաստանում. Նորարարական տեխնոլոգիաներ

2534
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն՝ սեպտեմբերի 8-28-ը Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում անցկացվել է «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել է 10 փրկարար ծառայող՝ ԱԻՆ փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության Հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի ԱԻԱ խմբի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին  Հակոբյանը, Երեւանի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Նորայր  Հարությունյանը, ԵՓՎ Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն  Գեւորգյանը,  ԵՓՎ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հենրիկ  Սիմոնյանը, ԵՓՎ թիվ 4 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Վլադիմիր  Կրմեյանը, Աբովյանի ՀՓՋ  հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ջիվան Մխիթարյանը, Ապարանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ  Արշակյանը, Դիլիջանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Կորյուն  Փիրումյանը եւ Արթիկի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արսեն Ադամյանը։

Օրակարգային թեմաներն էին` «Հրդեհների մարումը հոծ ջրային շիթով վերգետնյա շարժական միջոցներով», «Հրդեհների մարման համար նախատեսված ռոբոտատեխնիկական միջոցներ», «Ճանապարհային թունելներում հրդեհների զարգացման պարամետրերը եւ հրդեհների մարման կազմակերպումը», «Վերգետնյա շարժական միջոցներով հրդեհների մարումը փոշիներով, փրփուրով եւ գազով», «Հրդեհների մարման կազմակերպումը շենքերի հարկերում, ձեղնահարկում եւ կոմունիկացիաներում», «Հրշեջ ավտոսանդուղքների եւ ծնկավոր ամբարձիչների կիրառումը բարձրահարկ շենքերի հրդեհների մարման ժամանակ», «Ուղղաթիռների եւ թռչող սարքերի կիրառումը բարձրահարկ շենքերի հրդեհների մարման նպատակով», «Նավթարդյունահանման օբյեկտներում եւ նավթամթերքների պահպանման ռեզերվուարներում հրդեհների զարգացման պարամետրերն ու հրդեհների մարման կազմակերպումը», «Պոմպափողրակային համակարգերի առանձնահատկությունները եւ հաշվարկները» եւ այլն։ 

Խմբի ղեկավար Սարգիս Կյուրեղյանը, բարձր գնահատելով դասընթացի արդյունավետությունը, մատնանշեց հատկապես ռուսական արտադրության նորագույն հրշեջ տեխնիկաները։ Դրանցից է, օրինակ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռոյենկոյի՝ ջերմային ակտիվացված ջրով հրդեհաշիջող բազմաֆունկցիոնալ մեքենան, որը նախատեսված է թթվածնի բացակայության պայմաններում, հատկապես՝ աղբավայրերում, հորաններում եւ սառնարաններում բռնկված հրդեհների համար։ Արտամղված ջուրը ստանում է գոլորշու տեսք եւ ապահովում ծավալային հրդեհաշիջում։ Թունելում աշխատելու համար նախագծված երկխցիկ եւ երկկողմանի երթեւեկության հնարավորությամբ հրշեջ-մեքենան, 130  լիտր/վայրկյան հզորությամբ հրշեջ պոմպակայանները, ավտոսանդուղքի եւ բաքի համատեղությամբ ավտոցիստեռնը նույնպես վերջին նորարարություններից են։ «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնում մինչեւ 100 հարկանի շենքեր են, որոնցում, տեղացի փրկարարների խոսքով, հաճախ հրդեհներ են լինում։ Մենք տեսանք բարձր ճնշմամբ փողրակներով, 300-400 մետր ջուր մղելու հնարավորությամբ հրշեջ համալիրներ, 101 մետր թռիչքային բարձրությամբ ավտոսանդուղք, որը 150 տոննա քաշով հենվում է գետնին։ Վերջինիս ծանրության ուժը վտանգավոր է, այդ պատճառով ավտոսանդուղքի բացման  թույլատրելի  բարձրությունը 70 մետր էր»,- մանրամասնում է Սարգիս Կյուրեղյանը։ 

Ընդհանուր առմամբ՝ դասընթացն անցել է գերհագեցած գրաֆիկով։ Մասնակիցներն այցելել են Մոսկվայի թիվ 31 եւ թիվ 207 հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել վերջին սերնդի օդափոխման համակարգերին, գույքին, շրջել ակադեմիայի ուսումնական բազայում, որում, ինչպես խմբի ղեկավարն է ժպիտով հիշում, խոհարարն ու մարզիչը հայ էին։

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, տեխնիկապես գերհագեցած Ռուսաստանն անվտանգության առումով նույն թույլ կողմերն ունի, ինչ Հայաստանը։ Խոսքը, մասնավորապես, առեւտրի կենտրոնների մասին է, որոնց երեսպատման սալիկները դյուրավառ են, քիմիական նյութերից թունավորման վտանգը մեծ է, իսկ հրշեջ-տեխնիկայի մոտեցման ճանապարհները սովորաբար փակ են լինում։ Նախորդ տարի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնի խոշոր հրդեհից հետո Ռուսաստանը սկսել է ավելի կարեւորել նման օբյեկտներում հրդեհաշիջման հնարավորությունների մեծացումը։ 

Դասընթացի շրջանակում եղել է այցելություն Տրետյակովյան պատկերասրահ, Օստանկինո հեռուստաաշտարակ, Իզմայլովյան զբոսայգի եւ Նոր Արբատ փողոց։ Հայ փրկարարներն ու ակադեմիայի կուրսանտները նաեւ վոյելբոլի եւ լողի ընկերական մրցումներ են կազմակերպել։  

Դասընթացի ավարտին տրվել է որակավորման բարձրացման վկայական։ Խումբն իր հետ նաեւ մասնագիտական գրականություն է բերել։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սարգիս Կյուրեղյանը

Հ.Գ. Ռուսաստանում իրականացված այլ վերապատրաստումներ

Լեռնային պատրաստություն 

Հակաճգնաժամային կառավարում 

Արդյունաբերական լեռնագնացություն 

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»