Գլխավոր Միջոցառումներ Վերականգնման ժամանակը մեծապես կկրճատվի, եթե ունես կարող եւ որակյալ ուժեր

Վերականգնման ժամանակը մեծապես կկրճատվի, եթե ունես կարող եւ որակյալ ուժեր

2310
Տարածել

Հոկտեմբերի 15-17-ը Երեւանում անցկացվում է հետաղետային կարիքների գնահատման՝ ՀԱԿԳ (Post-Disaster Needs Assessment՝ PDNA) միջազգային աշխատաժողով:

Մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ու Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի զարգացման ծրագրերի համակարգողի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան: Փոխնախարար Բալյանը կարեւորեց աղետների ռիսկի նվազեզման ոլորտում ցանկացած համագործակցություն: Հենց հանագործակացության արդյունքում է, որ կմեծանա որոշումների կայացման արդյունավետությունը, հետաղետային վերականգնումը միայն ԱԻՆ գործը չէ: Աղետների ռիսկի նվազեցումը շարունակական եւ մշտական աշխատանք է, ուղղված երկրի բարօրությանն  ու կայուն զարգացմանը, նկատեց փոխնախարարը: Միհաելա Ստոյկոսկան էլ ասաց, որ տարեցտարի ավելանում են աղետների պատճառած տնտեսական վնասները, մարդկային կորուստները: Միայն 2017 թվականին  մոլորակի երկրները աղետներից 330 միլիարդ դոլարի վնաս են կրել, իսկ 2005-ին 1,5 միլիարդ մարդ իր վրա զգացել է աղետների բացասական հետեւանքները: Բնությունը կառավարել չես կարող, պետք է նվազեցնել մարդու բացասական ազդեցությունը բնության վրա, պետք է կիրառվեն գիտական մեթոդներ, անվտանգության մշակույթի ձեւավորումը պետք է սկսել համայնքներից, կրթական ծրագրերը սկսել նախադպրոցական տարիքի երեխաներից, հայտարարեց Միհաելա Ստոյկոսկան:

Երեւանյան աշխատաժողովին մասնակցում են 6 երկրի ներկայացուցիչ, որոնք կիսվեցին PDNA ոլորտում իրենց փորձով:

Օրինակ Սերբիան, Բոսնիա-Հերսեգովինան եւ հարեւան այլ պետություններ 2014-ին մեծապես տուժեցին ջրհեղեղից, Սերբիայում տուժել էր համայնքների 30 տոկոսը, Բոսինա-Հերցեգովինայում՝ կեսից ավելին, երկրներից յուրաքանչյուրը մոտ 2 միլիարդ եվրոյի վնաս էր կրել: Աղետից հետո Սերբիան վնասի վերականգնման հատուկ օրենք ընդունեց, օգնության խնդրանքով դիմեց միջազգային հանրությանը՝ Եվրամիություն, Համաշխարհային բանկ եւ այլն եւ երկու տարում վերականգնեց վնասը: Հիմա Սերբիայում մշակվում է կորուստների եւ վնասների գնահատման նոր մեթոդաբանություն, հարեւանների հետ տարածաշրջանային համագործակցություն է ձեւավորվում: Բոսնիա-Հերցեգովինան էլ է վերականգնողական աշխատանքների համար դրսից օգնություն խնդրել ու հիմա կատարելագործում է վաղ ազդարարման համակարգը, մշտապես վերապատրաստում պատասխանատու պաշտոնյաներին եւ իրականացնում պաշտոնյաների եւ պետական կառույցների կարողությունների զարգացման ծրագրեր՝ այդ թվում՝ ռիսկերի քարտեզագրում:

Ջրհեղեղներից տուժել եւ տուժում է նաեւ Հնդկաստանը: Այստեղ հասկացել են, որ վերականգնման վրա ծախսվող ժամանակը մեծապես կկրճատվի, եթե ունես կարող եւ որակյալ ուժեր, ճիշտ տեղեկությունների հիման վրա ճիշտ վերլուծություն ես անում եւ վերականգնման՝ PDNA ճիշտ ծրագրեր մշակում:

Բացի փորձի փոխանակումից, Երեւանում PDNA թեմայով աշխատաժողովում կքննարկվեն նաեւ այլ հարցեր. աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգ, աղետների կորուստների ազգային շտեմարան եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ