Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները տատիկի մատից հանել են ասեղը

Փրկարարները տատիկի մատից հանել են ասեղը

2475
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 445 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 184 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ կանչ:

Փրկարարները 130 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն, Կետրոն, Շենգավիթ վարչական շրջաններում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 9 դեպքում: Արգելափակված 1 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 1 մարդ:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ քաղաքացու մատը մնացել է կարի մեքենայի մեջ, անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարներն ասեղը դուրս են բերել 86-ամյա տատիկի մատից: Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նոր Արեշում 7-ամյա պապիկը բարձրացել է տան տանիքին եւ ոչ ադեկվատ վարք է դրսեւորում:  Հրշեջ-փրկարարները տանիքից իջեցրել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացուն, հոգեբան-փրկարարը ցուցաբերել է համապատասխան օգնություն: Կենտրոնի փրկարարները կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացու ձեռնաշղթաները չեն արձակվում, ձեռնաշղթաները հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները հանել են ձեռնա­շղթաները:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Էլեկտրական մալուխների կարճ միացումից ճաշարանում առաջացած հրդեհ», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը ուսում­նա­կան հաս­տատությունում ծագած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Հրդեհա­շիջ­ման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատությունում», «Պայմանական հակառակորդի կողմից օդային ռմբակոծությունը դպրոցի ուղղությամբ» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: