Գլխավոր Միջոցառումներ Միջազգային աշխատաժողով Հայաստանում

Միջազգային աշխատաժողով Հայաստանում

2548
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Ասիա-խաղաղօվկիանոսյան եւ Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային գրասենյակների աջակցությամբ, հոկտեմբերի 15-17-ը Երեւանում կանցկացվի հետաղետային վերականգնման հայեցակարգային մոտեցումներ մշակելուն նվիրված միջազգային աշխատաժողով, որին կմասնակցի վեց երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Սերբիա, Բոսնիա-Հերցոգովինա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղրղզստան: Կմասնակցեն նաեւ ՀՀ նախարարությունների, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ:

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայսատանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեզման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, Հայաստանում նման աշխատաժողով անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա մայիսին Ժնեւում անցկացված «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի օրերին: Համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ:

Հետաղետային վերականգնման հայեցակարգային մոտեցումներին նվիրված աշխատաժողովում քննարկվելու է երեք մեծ թեմա. հետաղետային կարիքների գնահատում, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգ, աղետների կորսուստների գնահատում: Նախքան համաժողովը՝ այս հանգստյան օրերին, Հայաստանի բոլոր նախարարությունների ներկայացուցիչների համար անցկացվել է հետաղետային վերականգնման թեմայով դասընթաց:

Մեկ անգամ չէ, որ ասվել է աղետների ռիսկի նվազեցումն ու հետաղետային վերականգնումը միայն արտակարգ իրավիճակների նախարարության գործը չէ, ջանքերի մեկտեղում է պետք: Երեւանյան աշխատաժողովի հաջորդ օրը՝ հոկտեմբերին 18-ին ՀՀ ԱԺ-ում կանցկացվեն նույն թեմայով խորհրդարանական լսումներ, որի ավարտին կհայտարարվի «Դիմակայուն Հայաստան» քարոզարշավի մասին: Սա կդառնա անվտանգության մշակույթի զարգացմանն ուղղված կարեւոր քայլ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Հայաստանում ԱԻ նախարարության եւ այլ կառույցների մասնագետների ջանքերով մշակվում է «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեզման» նոր օրենքի նախագիծ, որն ունի երեք ուղղություն. աղետների ռիսկի բացահայտում եւ նվազեցում, օպերատիվ արձագանքում եւ վաղ վերականգնում, հետաղետային վերականգնում: Հետաղետային վերականգնման հայեցակարգային մոտեցումներ մշակելուն նվիրված միջազգային աշխատաժողովում ներկայացված կարծիքներն ու մոտեցումները օգտակար կլինեն ընդունվելիք օրենքի կիրառումն ապահովող կարգեր մշակելիս: