Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Լավագույն տարածքային ստորաբաժանում-2018». Տավուշի մարզային փրկարարական վարչություն

«Լավագույն տարածքային ստորաբաժանում-2018». Տավուշի մարզային փրկարարական վարչություն

2419
Տարածել

2011 թվականից անցկացվող «Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնում 2018 թվականին «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» է ճանաչվել  Տավուշի մարզային փրկարարական վարչությունը։

Նախկինում Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի Քաղաքացիական պաշտպանության շտաբը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերին։ Տրանսպորտի եւ կապի նախարարության որոշմամբ՝ «Ճանշինի» Իջեւանի տեղամասի վարչական շենքը տրամադրվել է շտաբին։

Այսօր Տավուշի մարզային փրկարարական վարչության 4 ստորաբաժանումը սպասարկում են 2704 քմ տարածք: 169 հաստիքից համալրված է 165-ը։ Գույքը, հանդերձանքն ու տեխնիկան տարիների ընթացքում բարելավվել են տարբեր միջազգային ծրագրերի եւ կառույցների միջոցով՝ «Արձագանք», Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ՝  INSARAG, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն՝ JICA: Պարբերաբար ընթանում են ստորաբաժանումների շենքերի տանիքների վերանորոգման եւ ներքին հարդարման, պատուհանների փոխարինման, տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են ավտոտնակները եւ պահեստները։

Վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը հպարտությամբ մտաբերում է  հայ ժողովրդին պատուհասած մեծ աղետից՝ Սպիտակի երկրաշարժից հետո որոնողափրկարարական, հրդեհաշիջման եւ վթարավերականգնողական աշխատանքներ կատարած տավուշցիներին՝ բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վ. Աբազյանը, Նոյեմբերյանի ՀՓՋ նախկին հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Է. Խաչիկյանը,  Իջեւանի ՀՓՋ նախկին օղակի հրամանատար, փ/ծ ավագ Ռ. Չիբուխչյանը եւ Նոյեմբերյանի ՀՓՋ նախկին վարորդ, փ/ծ սերժանտ Մ. Գիշյանը: Արցախյան ազատամարտին Տավուշի մարզային վարչությունից մասնակցել է 16 ծառայող։

Մարզում հանդիպող բնական վտանգները շատ են՝ սողանք (Հովք, Դիլիջան, Հաղարծին, Գետահովիտ, Ներքին Ծաղկավան, Վազաշեն, Աչաջուր, Լճկաձոր, Մովսես), քարաթափում (Գոշ, Մովսես, Բերդ, Տավուշ, Դովեղ, Լճկաձոր) եւ անտառային հրդեհներ։ Բարեբախտաբար պետական կառույցների եւ տարբեր միջազգային  ծրագրերի շնորհիվ  վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել։ Օրինակ՝ «Գեոռիսկ» ընկերությունը կատարել է Լճկաձորի քարաթափման գոտու երկրաբանական, սեյսմահետախուզական աշխատանքներ, նկարահանումներ անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինժեներա-երկրաբանական տեղազննումներ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են Գետահովիտ, Հովք, Հաղարծին, Լճկաձոր բնակավայրերի սողանքային գոտիները։

Նախորդ տարի վարչությունը ստացել է 61 331 ահազանգ։ Կանչերի տարեկան միջին քանակն ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելացել է 82 %-ով։ Հատկապես շատացել են էքստրեմալ հանգստի սիրահարների արկածախնդրության փորձանքները։ Վարչության պետի խոսքով՝ Դիլիջան եւ Ենոքավան համայնքների հանգստյան գոտիներում այս տարի մոտ 4 տասնյակ արտակարգ դեպք է գրանցվել՝ վնասվածք, կոտրվածք, պատռվածք, սննդային թունավորում, անտառում մոլորվելու դեպքեր: Հիմնական խնդիրը, ըստ Վահան Փիրումյանի, ուղեկցորդների ոչ կոմպետենտ լինելն է եւ զբոսաշրջային ծառայություններ մատուցող որոշ կազմակերպությունների անհամարժեք վերաբերմունքը անվտանգության հարցին։

Վերջին 10 տարում մարզում մի շարք խոշոր դեպքեր են գրանցվել, որոնք մեծ ջանքեր եւ օպերատիվ աշխատանք են պահանջել։ Հատկապես հիշարժան են 2010 թ․ Հովք գյուղի մերձակայքում եւ 2011 թ․ Այրում կայարանի մոտ տեղի ունեցած սողանքները։ Վերջինի ժամանակ հարյուրավոր փրկարարներ օրեր շարունակ պայքարում էին հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենան եւ  5 զոհին դուրս բերելու համար։ Բարդ է անտառային հրդեհների դեմ պայքարը: Հրդեհաշիջումը բարդանում է կտրտված ռելիեֆի, ճանապարհների բացակայության, շոգ կլիմայի եւ քամիների պատճառով:

Գաղտնիք չէ, որ ամեն տավուշցու աչքը սահմանին է։ Մարզային վարչությունը սահմանամերձ համայնքներում պարբերաբար ՔՊ վիճակի համալիր գնահատում է անում, կազմակերպում դասընթացներ, տարհանման վարժանքներ: Վահան Փիրումյանն ուրախությամբ նշում է՝ Կարմիր խաչի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների, «Պահապան» եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամների, «Սահման» եւ «Վորլդ Վիժն» կազմակերպությունների միջոցներով սահմանամերձ համայնքների մի շարք դպրոցներում եւ մանկապարտեզներում կառուցվել են պաշտպանիչ պատեր, խաղաթաքստոցներ, ապահով եւ սմարթ-ապահով սենյակներ․ նկուղային հարկերը վերանորոգվել են, հագեցվել դեղորայքով, ծածկոցներով, ջրի տարաներով եւ լուսավորման սարքերով: Ոսկեվանի, Տավուշի, Չինարիի, Չորաթանի, Մովսեսի, Պառավաքարի ու Ազատամուտի հրշեջ-հենակետերը համալրվել են նոր տեխնիկայով, իսկ կամավորներն ուսուցանվել են շահագործման կանոնները։

Հիմնական գործունեությունից զատ՝ տավուշցի փրկարարները նաեւ սպորտային հաջողություններ են գրանցում, հատկապես՝ ֆուտբոլի եւ վոլեյբոլի մրցաշարերում։

Վահան Փիրումյանը հպարտանում է՝ իր անձնակազմում իսկական փրկարարներ են, որոնց հետ աշխատելը հաճելի է եւ պատվաբեր: 2002 թվականից զբաղեցնելով պետական հրդեհային տեսչության տեսուչի, ավագ տեսուչի, Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետի, Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի  եւ վարչության պետի պաշտոնները՝ մի բան է հասկացել՝ մարդկային հարաբերություններում, հատկապես՝ ծառայության մեջ, անկեղծությունն է առաջնահերթ։ Այդպես հեշտ է ապրելը։ Ամեն օր նոր իրավիճակի ես առնչվում, սակայն երբ թիկունքումդ սրտացավ եւ նվիրված մարդիկ են, ամեն դժվարություն հաղթահարելի է թվում։ «Մեր սերնդի մարդիկ միայն Սպիտակի երկրաշարժից հետո սկսեցին մտահոգվել անվտանգ ապրելակերպի մասին։ Լավ հիշում եմ մեր պատմության ուսուցիչ ընկեր Սարուխանյանի դեմքը, երբ դպրոցն սկսեց ցնցվել․ նրա դեմքի ոչ մի մկան չշարժվեց, խուճապի նշույլ անգամ չկար։ Առաջինը մեր դասարանը տարհանվեց՝ բոլորովին անվնաս: Ամենամեծ ցանկությունս է, որ արտակարգ իրավիճակում բոլոր պատասխանատուները անվարան եւ վստահ գործեն։ Դա մեծ ջանքեր է պահանջում, բայց պետք է սկսել, սկսել հե՛նց նախակրթարանից, դպրոցից կրթել աղետներին դիմագրավելու պատրաստ քաղաքացի»,- ամփոփում է գնդապետը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Վահան Փիրումյանը

«Արիության համաստեղություն» հանրապետական փառատոնի այլ հաղթողներ.

Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում-2018

Լավագույն խմբի պետ-2018

Լավագույն հերթափոխի պետ-2018

Լավագույն փրկարար-2018

Լավագույն լեռնափրկարար-2018

Լավագույն հրշեջ-փրկարար-2018