Գլխավոր Վերլուծություն Գեղիի ջրամբարում կտեղադրվեն սեյսմիկ մոնիթորինգի տվիչներ

Գեղիի ջրամբարում կտեղադրվեն սեյսմիկ մոնիթորինգի տվիչներ

2269
Տարածել

Ավարտին է մոտենում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը ,որն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Աթենքի ազգային օբսերվատորիայի գեոդինամիկայի ինստիտուտի, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռիսկերի եւ գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոնի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիաի ազգային անվտանգության եւ պաշտպանության հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։

Երկամյա ծրագրի արդյունքները ստուգելու համար հոկտեմբերի վերջին Սիսիան, Կապան եւ Ախթալա համայնքներում կկայանան դաշտային վարժանքներ, իսկ դեկտեմբերին՝ ամփոփիչ կոնֆերանս։

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝  ի սկզբանե ծրագիրը նպատակ է ունեցել պետություն-մասնավոր գործընկերության միջոցով գնահատել Սյունիքի ու Լոռու մարզերի ջրամբարների սեյսմիկ ռիսկը եւ ապահովել ջրածածկման գոտում գտնվող բնակչության պաշտպանությունը։ Ուսումնասիրվել են ջրամբարների եւ պոչամբարների անվտանգության հետ կապված խնդիրները, մշակվել են Որոտանի կասկադի ջրամբարների պատվարների ամբողջությամբ փլուզման դեպքում վատագույն սցենարները եւ դրանց հիման վրա՝ բնակչության պաշտպանության պլանները։ Համայնքներում իրականացվել են շտաբային վարժանքներ, որոնք ամբողջական պատկեր են տալիս արտակարգ իրավիճակներում արձագանքման համակարգի, համայնքային մարմինների պատրաստվածության եւ իրազեկվածության թերությունների մասին։

Հոկտեմբերի վերջին նախատեսված դաշտային վարժանքներին կնախորդի բնակչության ուսուցման փուլը, վարժանքի մասին կհայտարարվի լրատվամիջոցներով։  «Կարեւորն այն է, որ մարդիկ տարբերակեն շչակի ձայնը, ազդանշանը լսելիս խուճապի չմատնվեն եւ հստակ իմանան իրենց անելիքը։ Ջրածածկման գոտում ապրող բնակիչը պետք է նաեւ «աղետի» կապոց ունենա։ Իրազեկումն այսօր մեծ խնդիր է, որի լուծման առաջին օղակում պիտի համայնքային մարմինները լինեն։ Օրինակ՝ Սիսիանում միասնական ազդարարման համակարգ չկա, ծրագրով նախատեսված վարժանքի ժամանակ դիտարկում ենք բարձրախոսներ օգտագործելը։  Համաձայնեք, որ մեծ քաղաքներում այս մոտեցումն անլուրջ է»,- մտահոգություն է հայտնում Արա Բարսեղյանը։

ԱՌՆԱՊ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրում հատկապես Գեղիի ջրամբարի վրա, որի պատվարի վնասվելու դեպքում ջրածածկման գոտում են հայտնվելու արագ արձագանքման ծառայությունները՝ փրկարարական ստորաբաժանումը, պոլիկլինիկան եւ այլն։ Ծրագրի շրջանակում Գեղիի ջրամբարի համար ձեռք է բերվել ավտոմատ ազդարարման համակարգ, որը կմիացվի միասնական ազդարարման համակարգին։ Նոր սարքավորումները թույլ կտան մշտական սեյսմիկ մոնիթորինգ անել։ Մոնիթորինգի տվիչներից մեկը գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչը, Արա Բարսեղանի խոսքով, կարեւոր առաջընթաց է։ Նույնիսկ մասնավոր ընկերություններն են գիտակցում, որ պատերազմող երկրում ոչ մի ջրամբար ապահովվագրված չէ վտանգներից։

ALTER ծրագիրը պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափով առաջին մոդելն է, որը կիրառվել է Հայաստանում։ Հաջողված փորձը կներդրվի նաեւ այլ երկրներում։ Վերջում նախատեսվում է համագործակցության հուշագրի կնքում, որը նոր ծրագրեր իրագործելու հիմք կտա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ