Գլխավոր Միջոցառումներ Մեր մարզիկները աշխարհի երկու ռեկորդ են սահմանել

Մեր մարզիկները աշխարհի երկու ռեկորդ են սահմանել

2882
Տարածել

Հոկտեմբերի 4-6-ը Թբիլիսի քաղաքում անցկացվեց International Power Sports Union (IPSU) վարկածով ուժային մարզաձեւերի աշխարհի բաց առաջնություն, որին 12 երկրի շարքում մասնակցում էր նաեւ Հայաստանը։

30 հոգանոց թիմը, այդ թվում՝ 9 հաշմանդամություն ունեցող մարզիկ, հանդես եկավ երիտասարդների եւ մեծահասակների տարիքային խմբերում՝ նվաճելով 24 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկով հաշմանդամություն ունեցողների եւ մեծահասակների տարիքային խմբերում Հայաստանը եւս դարձավ առաջատար։

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը հպարտությամբ նշեց, որ հաշմանդամություն ունեցող երկու մարզիկ IPSU վարկածով աշխարհի ռեկորդ են սահմանել։ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, փորձառու ծանրամարտիկ Հարություն Մխիթարյանը 60 կգ քաշային կարգում գրանցել է 130 կգ, իսկ 67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Աֆրիկյանը` 87,5 կգ արդյունք։

Հաղթողի տիտղոսին արժանացավ նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, եռամարտի եւ երկամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցը։ Նա 75 կգ քաշային կարգում երկու ոսկե մեդալ նվաճեց երկամարտից (295 կգ) եւ ձգում վարժությունից (190 կգ): 240 մարզիկի եւ հարյուրավոր հանդիսականների ներկայությամբ մեր ուսանողը՝ ապագա փրկարարը, կրկին բոլորից վեր բարձրացրեց հայկական դրոշը։

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, եռամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանն այս անգամ միտումնավոր ռիսկի էր դիմել՝ հանդես գալով գրեթե 20 կգ ավելի քաշային կարգում։ Իրանցի եւ վրացի ուժեղ մարզիկների հետ թեժ պայքարում նա 600 կգ եռամարտի ընդհանուր արդյունքով կրկին հաստատեց իր հաղթանակը։ Կատակում է՝ աշխարհի չեմպիոնի առաջին «կոչմանը» սրտի թրթիռով էր սպասում, այս անգամ զգացողությունն այլ էր։ Նախորդ մրցումներից վնասվածքով էր վերադարձել, 3-4 ամիս քրտնաջան պարապել է։ Մարզիկների հատուկ սննդակարգին այդպես էլ չի հարմարվում։ Բայց այլ ելք չկա՝ հաղթանակը զոհողություններ է պահանջում։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր, ծանրամարտի բազմակի չեմպիոն, մարզիչ Գրետա Վարդանյանի 4 սան՝ Արա Մարտիրոսյանը, Սվետլանա Մանուկյանը, Արթուր Գալստյանը եւ Արշալույս Սարգսյանը, հաշանդամություն ունեցողների պայքարում չորս ոսկե մեդալի արժանացան։ Գրետան հպարտանում է՝ գյումրեցի մարզիկներն ուժեղ են, պայքարող եւ գնահատող։ Ինքն էլ իր հերթին փոխանցում է ստացած գիտելիքն ու փորձը, որպեսզի իր անցած դժվար ճանապարհը երիտասարդները հեշտությամբ հաղթահարեն։ «Հաշմանդամություն ունեցող մարզիկներին ավելի մեծ ուշադրություն է պետք։ Այսօր մարզադահլիճում պարապելու եւ մրցումների մեկնելու բոլոր ծախսերը նրանց ուսերին են։ Այս խնդրի լուծումը մեկն է՝ պետական այրերը եւ անհատները պետք է իրենց աչքով տեսնեն նրանց սպորտային պոտենցիալը եւ աջակցեն առաջ գնալու»,- նշում է Գրետան։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները