Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻ նախարար. «Ազատվելու ենք գլուխ պահողներից»

ԱԻ նախարար. «Ազատվելու ենք գլուխ պահողներից»

2128
Տարածել

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրանում է Ֆելիքս Ցոլակյանի՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու մեկ տարին: Այդ առթիվ նախարարը հանդիպեց լրագրողներին: «Հպարտությամբ կարող եմ նշել. առաջնորդվել ենք բացառապես ԱԻՆ համակարգի, աշխատակիցների, ժողովրդի եւ հանրապետության շահերով», — ասաց նախարարը:

Այս տարին աննախադեպ էր հրդեհների քանակով: Եթե 2018 թվականի 9 ամսում գրանցվել է 5478 հրդեհ, այս տարվա առաջին 9 ամսում՝ 8509: Սա մեծացրել է հրշեջների աշխատանքի ծավալը: 1,404 միլիոն զանգ է սպասարկել ԱԻՆ «911» ծառայությունը, ավելի քան 22 հազար ելք են կատարել ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները:

Շատ հարցեր են լուծվել՝ վառելիքի, փրկարարների համազգեստի, հրշեջ-տեխնիկայի արագ նորոգման, հրշեջ-փրկարարական ջոկատների: Հանրապետության 64 հրշեջ-փրկարարական ջոկատից նորոգվում է 32-ը՝ կառավարության եւ դոնորների աջակցությամբ: Վերջիններիս օգնությամբ նոր ՀՓՋ-ներ են կառուցվելու: Միայն Երեւանում կա 12 ՀՓՋ, բայց պետք է 20: Մինչեւ տարեվերջ Ճապոնիայից կստանանք եւս 22, Ռուսաստանից՝ 26 նոր հրշեջ տեխնիկա՝ ջրատար, ավտոսանդուղք եւ այլն: Հայսատանի կառավարությունը մտադիր է ԱԻՆ կարիքների համար չորս ուղղաթիռ գնել՝ տարհանող, փրկարարներ տեղափոխող, հրդեհաշիջող: Ուղղաթիռների ձեռբերման մի քանի տարբերակ կա, կարծես գտել ենք ամենալավ տարբերակը՝ ասաց նախարարը: Ժամկետները դեռ հայտնի չեն: Ի հավելումն, Հայաստանը պայմանավորվածություն ունի հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ կարիքի դեպքում նրանց «արտակարգ» ավիացիան օգտագործելու վերաբերյալ:

Կառավարության որոշմամբ, հոկտեմբերի մեկից բարձրացվել է հրշեջ-փրկարարների աշխատավարձը. ամենաշատը՝ շարքային հրշեջ-փրկարարներինը՝ 52 տոկոս: Այսօր շարքային հրշեջ-փրկարարը մոտ 130 հազար դրամ է ստանալու: Ըստ նախարարի 130-150 հազարը քիչ է կյանքը վտանգող հրշեջի համար, բայց աճն ակնհայտ է ու այս պահին հնարավորը: Հետո էլի հնարավորություն կլինի՝ էլի կբարձրացվի: Հնարավորություն լինի, հանգստյան տների ուղեգրեր կտրվեն կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատած եւ աշխատող բոլոր հրշերջ-փրկարարներին:

Ըստ նախարարի, Հայսատանը կարող է աղետներին դիմակայել 60-70 տոկոսով: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամեն ինչ անում է, բայց անելիք ունեն նաեւ այլ կառույցներ՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից: Օրինակ խնամեն կանաչ տարածքներն ու բացառեն հրդեհի առաջացման վտանգը:

Հրամանատարների՝ խմբի պետեր եւ այլն, աշխատավարձը ավելի քիչ է բարձրացել, սակայն հնարավոր է դարձել ավելացնել պարգեւավճարների չափը եւ այսպես խրախուսել անբասիր աշխատող հրշեջ-փրկարարներին: «Աշխատում ենք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ», — ասաց նախարարն առանց մանրամասներ ներկայացնելու: Ծրագիրը դեռ քննարկվում-մշակվում է: Պատրաստ լինելուն պես՝ կհրապարակվի:

Մշակվում է նաեւ ԱԻՆ համակարգի կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը: Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ազատվելու ենք կրկնվող գործառույթներից ու ստորաբաժանումներից, «գլուխ պահողներից: Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»: Այսօր ԱԻՆ համակարգում աշխատելու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան համակարգում առկա թափուր հաստիքները: Համակարգում աշխատանքի են ընդունվում մրցույթով, նախապատվությունը տրվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին: Ակադեմիա շրջանավարտ կա, որ կարող է սպայական հաստիք համալրել, սակայն հաստիք չկա ու բարձրագույն կրթություն ունեցողը շարքային հրշեջ է աշխատում, մինչեւ համապատասխան հաստիքի նշանակվելը:

Վերջին շրջանում հրաժարական տվեցին ուժային երկու կառույցի՝ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարները: ԱԻ նախարարն ասաց, որ հրաժարական տալու մտադրություն չունի, շարունակելու է աշխատել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ