Գլխավոր Վերլուծություն Ջրասուզական հանդերձանքի էվոլյուցիան՝ Դա Վինչիից մինչեւ Գաուզեն

Ջրասուզական հանդերձանքի էվոլյուցիան՝ Դա Վինչիից մինչեւ Գաուզեն

2225
Տարածել

Ջրասուզական գործունեությունը մեր օրերում լայն բնագավառ է, որն իր մեջ ներառում է ստորջրյա զբոսաշրջությունը, ստորջրյա կապուղիների, հիդրոտեխնիկական շինությունների կառուցումն ու սպասարկումը, վերջրյա եւ ստորջրյա փրկարարական, վթարա-փրկարարական, նավավերհանման, որոնողական եւ այլ աշխատանքներ: Մեծ է ջրափրկարարների դերը նաեւ Հայաստանի պես ակտիվ օդագնացություն ունեցող երկրում։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ջրի վրա վթարային վայրէջք կատարած ինքնաթիռին ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերելու դեպքում  օգնություն հնարավոր է խուսափել զոհերից։

Ստորջրյա աշխարհի նվաճումը սկսվել է խոր անցյալից: Առաջին ջրասուզակներ կարելի է համարել նախամարդկանց՝ «իխտիոֆագներին», որոնց համար հիմնական սնունդ էին ձկներն ու այլ ծովամթերքը: «Իխտիոֆագներն» ապրում էին Պարսկական ծոցի, Կարմիր ծովի եւ Աֆրիկյան մայրցամաքի արեւմտյան ափերին: Հռոմեացի գրող Պլինիյ Ավագը մ․թ․ա․ 77 թ. տեղեկացնում է, որ «իխտիոֆագները ձկան նման, արագ ու սրընթաց էին լողանում եւ սուզվում»։

Պատմությունից հայտնի է նաեւ, որ սուզորդները ծովի հատակից խեցիներ էին հանում դեռ մ․թ․ա․ 4500-3200 թթ․: Այդ մասին են վկայում մեծ քանակությամբ սադափի զարդերն ու պճնանքի առարկաները, որոնք հայտնաբերվել են մ․թ․ա․ 4500 թ․ Միսսոպոտամյան դամբարաններում եւ մ․թ․ա․  3200 թ․ Ֆիվայում։

Սուզումը լայնորեն կիրառում էին հույները՝ սննդակարգում պիտանի ծովային կենդանական եւ բուսական բաղկացուցիչներ ձեռք բերելու, ռազմական նպատակների իրագործման, ինչպես նաեւ ծովի բնաշխարհի ուսումնասիրության համար: Ավելի ուշ ժամանակաշրջանում գյուտարարների կողմից ստեղծվեցին բազմաթիվ հարմարանքներ ստորջրյա ագրեսիվ միջավայրում ջրասուզակների աշխատանքն առավել նպաստավոր դարձնելու համար:

Ստորջրյա սուզման ամենահին տարբերակներից է շնչախողովակը։ Որպես կանոն՝ օգտագործվում էր շամբի ցողունը, որի մի ծայրը սուզորդը բռնում էր բերանով, իսկ մյուս ծայրը մնում էր ջրի մակերեսին: Տվյալ տարբերակում սուզորդը շնչում էր  մթնոլորտային օդը՝ 1,5 մ առավելագույն խորության վրա։

Հարկ է նշել, որ շնչելու օդի մատակարարման բացակայության պատճառով սուզորդները չէին կարող սուզվել երեսուն մետրից ավելին եւ ջրում մնալ 2-3 րոպեից երկար։ Հետագայում նրանք սկսեցին  իրենց հետ ծանրություն եւ օդով լցված տիկեր վերցնել։ Շնչափողրակով շնչառական տիկի նկարագիրն առաջին անգամ տալիս է հռոմեացի պատմագիր Պլինիյ Ավագը մ.թ.ա. 77 թվականին։

Հաջորդ հիշատակումը վերաբերում է 1191 թ․ Ռիչարդ Առյուծասիրտի կողմից Ակռայի ամրոցի պաշարմանը, երբ թուրք ջրասուզակները սուրհանդակի դեր էին կատարում եւ ապահովում արտաքին աշխարհի հետ կապը։

Ջրասուզական հանդերձանքի առաջին էսկիզները պատկանում են իտալացի հանճարեղ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, ճարտարագետ եւ գյուտարար Լեոնարդո դա Վինչին, որը, վախենալով ինկվիզիցիայի կողմից կախարդության մեջ մեղադրվելուց եւ հակառակորդի կողմից իր հայրենիքին վնաս  պատճառելուց, գաղտնագրել է ջրասուզական գործի իր փորձի եւ ուսումնասիրությունների բացատրությունները։ Դրանք վերաբերում են 1500 թվականին եւ մի քանի դար շարունակ թաքցվում էին մարդկանցից։

Դա Վինչիի պատկերած ջրասուզական համազգեստը ոտից գլուխ միատարր հագուստ էր մորթուց կամ կաշվից, ներսից օդով լցված, երկարաճիտ ոտնամաններ` արճճի ներբաններով կամ պողպատակեռերով, ավազե պարկեր՝ ծանրությունն ապահովելու համար, պղնձե զրահաբաճկոն եւ մեզընդունիչ: 1524 թ․ հրատարակված ամրաշինության մասին Վալլոյի տրակտատում կա Լեոնարդոյի գծանկարների մասին հիշատակում, որտեղ ջրասուզակը նկարված է կաշվե սաղավարտով համալրված կաշվե շնչառական  խողովակով, ամրացված ամուր օղակներով եւ ավարտվող սկավառակային լողանով:

Հետզհետե պետությունների միջեւ առեւտրային կապերի ստեղծումը պահանջում էր նավագնացության զարգացում, որը իր հերթին առաջ բերեց նավերի ստորջրյա հատվածներն ուսումնասիրելու եւ վերանորոգելու  անհրաժեշտություն, ջրասույզ եղած, արժեքավոր առարկաների եւ բեռների վերհանման անհրաժեշտություն:

Մոտ 1587 թվականին Շոտլանդիայի ափերին խորտակվեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի նավատորմը, որում մնացած արքայական գանձարանի առաջին որոնումները սկսվեցին 1641 թվականին Անգլիայի թագավոր Չարլզ Առաջինի հրամանով: Բեռը ջրից հանելու անհաջող փորձերը ցույց տվեցին ջրասուզական տեխնիկայի անկատար լինելը:

16-17-րդ դարերում տարբեր երկրներում մշակվեցին ջրասուզական զանգերի կոնստրուկցիաները: Գլխին ամրացված անոթի միջի օդը շնչելու մտահղացումը փոխակերպվեց ստորջրյա զանգի, որը հայտնագործվեց 16-րդ դարում։ Առաջին ջրասուզական զանգերն իրենցից ներկայացնում էին  դեպի վեր շրջված անոթներ՝ պատրաստված փայտից կամ մետաղից: Այդպիսի անոթի տակ տեղավորվում  է  ջրի տակ սուզվող ջրասուզակը: Ջրի մեջ ընկղմվելուն զուգահեռ ջրի մակարդակը զանգում բարձրանում էր, օդային բարձիկը փոքրանում էր, իսկ ճնշումը նրանում  ավելանում էր:  Ջրասուզակի գտնվելը  այդպիսի զանգում չէր գերազանցում երեսուն- քառասուն րոպեն, քանի որ օդային բարձիկում  կուտակվում էր ածխաթթու գազը եւ պակասում էր թթվածնի տոկոսային պարունակությունը: Թերությունն այն էր, որ ջրասուզակը պաշտպանված չէր ջրի ցածր  ջերմաստիճանի ազդեցությունից,  ինչը նույնպես նպաստում էր ժամանակի կրճատմանը:

Ջրասուզակի շնչած օդը թարմ օդով փոխարինելու համար հետազոտողներն ու գյուտարարները տարբեր լուծումներ էին առաջարկում։ 1672-1676 թվականներին գերմանացի ֆիզիկոս Ի.Հ. Շտուրմը կառուցեց  չորս մետր բարձրությամբ զանգ, որում օդապահուստը լրացվում էր շշերից, որոնք ջարդվում էին, ըստ անհրաժեշտության, ջրի տակ: Իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս Ջովաննի Ալֆոնս Բորելլին առաջարկում էր օգտագործված օդը դուրս հանել զանգից՝ նրա փոխարեն ներմղելով թարմ օդ:

Ֆրանսիացի ֆիզիկոս Դենի Պապենը 1689 թվականին առաջինը տվեց ջրասուզական զանգի՝ գիտականորեն ճիշտ նկարագիրը, որում գազային միջավայրի փոխարինումը եւ ներքին ճնշման մշտական պահպանումը ապահովվում էր մակերեսից օդամղակի օգնությամբ: Զանգի կառուցվածքում կիրառվում էր գլխավոր գյուտը` փականը եւ հետադարձը կասեցնող կափույրը:

1716 թվականին անգլիացի աստղագետ եւ գեոֆիզիկոս Էդմոնդ Հալլեյը  Արքայական  գիտական հանրության նիստին ներկայացրեց իր ջրասուզական զանգի գյուտը, ապա մեկ տարի անց կառուցեց այն։ Ի տարբերություն Պապենի՝ նա առաջարկում էր ջրասուզակի շնչած օդը թարմացնել զանգի մեջ մակերեսից ուղարկվող տակառիկներով: Այս միջոցով նա չորս ջրասուզակների հետ մեկ ու կես ժամ անցկացրեց 16-18 մ խորության վրա:

Օդափոխության համար դարբնի փուքսի կիրառումը զգալի կերպով թեթեւացրեց ջրասուզակների աշխատանքային պայմանները, բարձրացրեց աշխատանքի արդյունավետությունը, քանի որ  վերացավ զանգը ջրի մակերես բարձրացնելու անհրաժեշտությունը։ Օդը մղվում էր երկար կաշվե փողրակներով, իսկ օդի ավելցուկը ինքնաբերաբար հեռանում է զանգի ստորին պռունկից։

1772 թվականին ֆրանսիացի հռչակավոր ֆիզիկոս Կուլոնը գիտական զեկույց ներկայացրեց «օդային նավի» մասին։ Այն իրենից ներկայացնում էր  ստորջրյա զանգի կատարելագործված տարբերակը․ ներքևի բաց խցիկն ուներ իրեն ամրացված երկու լողան, որոնք անհրաժեշտության դեպքում լցվում էին ջրով կամ օդով դուրս էր մղվում ջուրը: Լողանները կառավարվող բալլաստի դեր էին կատարում: Սակայն օդային նավը կյանքի չկոչվեց եւ գործնականում չկառուցվեց:

Մեծ խորություններ նվաճելու «մոլուցքը» ստիպեցին փնտրել օդամղման նոր տարբերակներ։ Սկսեցին կառուցվել մետաղյա ջրասուզական զանգեր: Դրանցում մի քանի ջրասուզակներ միանգամից կարող էին սուզվել մինչեւ երեսուն մետր խորություն:

1819 թվականին Անգլիա  գաղթած գերմանացի զինագործ Ավգուստ Զիբեն ստեղծեց առաջին ջրասուզական հագուստը՝ անջրանցիկ կտորից, ամուր ամրացված մետաղե սաղավարտին, որը  համասեռ էր լանջակապի հետ: Նավից օդը տրվում էր ջրասուզակին մղիչի օգնությամբ: Օգտագործված արտաշնչած օդը  դուրս էր գալիս արտահագուստի վերին մասի ոչ կիպ կպած կետից:  Այստեղ մի խնդիր կար․ երբ ջրասուզակը թեքումներ էր անում, ջուրը ներթափանցում էր ջրասուզական արտահագուստի մեջ: 1837 թվականին Զիբեն վերջնականապես կատարելագործեց իր ջրասուզական հագուստը՝ համալրելով այն պարուրակներով ձգվող  սաղավարտով եւ արտածման կափույրով։ Արտահագուստը դարձավ միատարր, ծածկում էր ողջ մարմինը՝ բացի դաստակներից, իսկ արճճե կրկնակոշիկները եւ ծանրոցները  բավարար կայունություն էին ապահովում ապարահատակի վրա: Զիբեն իր ջրասուզական հագուստը անվանեց «սկաֆանդր»՝ հունարեն «նավ» եւ «մարդ» բառերից:

1823 թվականին Ջոն եւ Չառլի Դիներները արտոնագիր ստացան հրշեջների համար  նախատեսված սկաֆանդրի համար, որը նրանք առաջարկեցին օգտագործել ջրասուզական աշխատանքներում: Այս գույքով կատարվել են մի շարք հաջող ստորջրյա աշխատանքներ, որոնց հիման  1836 թվականին գրվեց ջրասուզական աշխատանքները կարգավորող առաջին փաստաթուղթը:

1829 թվականին ռուս մեխանիկ Է.Կ.Գաուզենը ստեղծեց համեմատաբար կատարյալ ջրասուզական հանդերձանք՝ բաղկացած  անջրանցիկ հագուստից, ծանրոցներից եւ վանդակավոր  լուսանցքով մետաղե սաղավարտից։ Օդի ավելցուկը  արտածվում էր ջրի մեջ սաղավարտի ներքեւի մասից։ Գաուզենի ջրասուզական հանդերձանքն ուներ բազմաթիվ թերություններ, բայց այն աստիճանաբար բարելավվեց եւ օգտագործվեց Ռուսաստանի նավատորմի եւ այլ  պետությունների կողմից մինչեւ 19-րդ դարի 70-ականները։

Այս ջրասուզական հանդերձանքը  տվյալ ժամանակաշրջանի համար համարվում էր լավագույնը եւ իրավամբ՝ ժամանակակից օդափոխվող ջրասուզական հանդերձանքի նախատիպը:

Շարունակելի։

 

Հրապարակումը պատրաստվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանի «Ջրասուզական փրկարարական աշխատանքները, դրանցում կիրառվող գույքն ու հանդերձանքը, ջրասուզական աշխատանքների անվտանգության ապահովումը» մագիստրոսական թեզի հիման վրա