Գլխավոր Վերլուծություն Կկազմվի Հայաստանի պոչամբարների քարտեզը

Կկազմվի Հայաստանի պոչամբարների քարտեզը

3075
Տարածել

Գերմանիայի բնապահպանության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում եւ Վրաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրին մասնակցում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ-մագիստրոս, ՃԿՊԱ աշխատակից Լիլիթ Սահակյանը: Լիլիթի մագիստրոսական թեզի թեման էր. «Հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանի հանրապետությունում եւ պոչամբարների անվտանգ շահագործումը»:

Գերմանական ծրագիրը սկսվել է 2018 թվականին: Անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, վարժանքներ: 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը Վրաստանում անցկացվել է ծրագրի վերջին՝ չորրորդ հավաքը, որին մասնակցել են Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ռումինիան, այլ երկրներ եւ միջազգային տարբեր կառույցներ ներկայացնող ավելի քան 50 փորձագետ, այդ թվում՝ Լիլիթ Սահակյանը: Հայաստանը ներկայացնում էին նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, քաղաքաշինության պետական կոմիտեի, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Լեռնա-մետալուրգիական ինստիտուտի, «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի եւ այլ կառույցների մասնագետներ:

Երեք օրում կազմակերպվել է հինգ կլոր սեղան. «Պոչամբարների անվտանգության տեխնիկական եւ կազմակերպչական հարցերը», «Պոչամբարների անվտանգության իրավական կարգավորումները», «Պոչամբարների անվտանգության այլ բաղադրիչներ», «Պոչամբարների անվտանգության հարցում այլ գործունեություն», «Կովկասում պոչամբարների թեսթավորման հիմնական արդյունքներն ու խնդիրները»: Հայկական կողմը չորս զեկույց է ներկայացրել՝ Հայաստանում պոչամբարների թեսթավորման, Լոռու մարզում անցկացված դաշտային վարժանքի, Հայաստանում հանքարդյունաբերական ծրագրերի թեմաներով:

Այս հանդիպմամբ «Աջակցություն Հայաստանում եւ Վրաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագիրն ավարտվում է: Ծրագրի արդյունքներով կկազմվի պոչամբարների քարտեզ, որտեղ ներառված կլինի պոչամբարների անվտանգության վերաբերյալ ամբողջական տեղեկություն՝ պոչամբարի տեղը, դիրքը, նյութը, պատվարի բարձրությունը եւ այլն: Այս քարտեզները օգտակար կլինեն եւ մասնագետներին եւ ՃԿՊԱ ուսանողներին: Գերմանական կողմը մտադիր է համանման ծրագիր իրականացնել նաեւ այլ երկրներում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ