Գլխավոր Վերլուծություն Սփյուռքահայ ջրասուզակների հերթական նվերը

Սփյուռքահայ ջրասուզակների հերթական նվերը

2366
Տարածել

Արդեն երեք տարի բուլղարահայ ջրասուզակներ Կրիկոր Սրենցը եւ Արմեն ԿոջանյանըՀայաստանի եւ Արցախի ջրափրկարարների հետ պարապմունքներ են անցկացնում։ Նախորդ տարի Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ծանոթացել էին ազոտաթթվածնային խառնուրդով (նիտրօքս) օդաբալոնների օգտագործմանը եւ ստացել  ջրասուզակ-փրկարարի՝ Rescue Diver որակավորում։

Անցած շաբաթ, Կրիկոր Սրենցի եւ Արմեն Կոջանյանի օգնությամբ, արցախցի ջրափրկարարները նիտրօքս համակարգով սուզումներ են կատարել Սեւանա լճում եւ Սարսանգի ջրամբարում,  որակավորվել նիտրօքսի արտադրման գործում։ Ջոկատը վերջերս համալրվել է էլեկտրական եւ բենզինով աշխատող երկու նորագույն օդաճնշակով՝ կոմպրեսորով, որոնք, Կրիկոր Սրենցի խոսքով, բավական արդյունավետ են եւ հարմար ցանկացած վայր մեքենայով փոխադրման համար։ Փրկարարներին բացատրվել են օդաճնշակների օգտագործման կանոնները։

Եղել է նաեւ տեսական դասընթաց ջրային տարածքներում գրանցված միջադեպերի ժամանակ առաջին օգնության վերաբերյալ։ Ցուցադրվել են բուլղարական արտադրության ջրասուզական հատուկ շնչադիմակներ, որոնք օգտագործվում են որպես առաջնային օգնության միջոց նախքան տուժածին հիվանդանոց հասցնելը։

Նախնական պայմանավորվածությամբ՝ հայազգի ջրասուզակները Ստեփանակերտում նաեւ դայվինգի պարապմունքներ են անցկացրել մանկապատանեկան տարիքի լողորդների հետ, նրանց նվիրել լողի պարագաներ։

Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Վահե Մելքոնյանը, որն արդեն ավարտել է Dive Master եւ Nitrox Diving կուրսերը , այս տարի առաջին անգամ սուզվել է ազոտաթթվածնահելիումային (Trimix) խառնուրդով հագեցած օդաբալոնով՝ առանց դժվարության տեխնիկական աշխատանքներ կատարելով Սեւանա լճի մինչեւ 60 մետր խորության վրա։ Հաջորդ տարի Վահեն հրահանգչի որակավորում կստանա։

Կրիկորի խոսքով՝ 15 կգ կշռող Trimix օդաբալոնն ապահովում է  20-30 րոպե սուզում մեծ խորություններում։ Ի տարբերություն նիտրօքսի՝ տրիմիքս խառնուրդի մաս կազմող հելիումը թանկ արժե, սակայն արդյունավետությունն ակնհայտ է։

Բուլղարահայ սուզորդը ցավով նկատում է՝ դեռեւս լուծված չէ բարոկամերայի հարցը, որը ջրասուզակների առողջության պահպանման կարեւոր երաշխիք է։

Այս տարի Սեւանա լճում արտերկրյա սուզորդները մի շարք փոփոխություններ են նկատել․ գրեթե վերացել են ձկներն ու խեցգետինը։ «Սեւանա լիճը հայ ժողովրդի հարստությունն է, այն պետք է աչքի լույսի պես պահել, հատկապես, որ այս բարձրադիր քաղցրահամ լիճը զբոսաշրջիկներին շատ է հետաքրքրում»,- ամփոփում է Կրիկոր Սրենցը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կրիկոր Սրենցը