Գլխավոր Միջոցառումներ Հայկական արտադրանքի ցուցահանդես՝ Հյուսիսային պողոտայում

Հայկական արտադրանքի ցուցահանդես՝ Հյուսիսային պողոտայում

3104
Տարածել

Սեպտեմբերի 21-22-ը «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի փոքր եւ միջին ձեռներեցները կներկայացնեն իրենց արտադրանքը Երեւանի Հյուսիսային պողոտայում։ Տասնյակ տաղավարներում կարելի է գտնել պահածոյացված գյուղմթերք, մսամթերք, հրուշակեղեն, չրեղեն, ոգելից խմիչքներ՝ գինի, կոնյակ, գարեջուր։ Հայկական զարդանախշերով հետաքրքրվողներին առաջարկվում են կոշկեղեն, հուշանվերներ, խոհանոցի պարագաներ եւ  թանկարժեք սպասք։

Տաղավար է հատկացվել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որում ցուցադրվում են լեռնափրկարարական գույք, որոնողափրկարարական սարքեր, հիդրավլիկ գործիքներ եւ ջրասուզական լրակազմ։

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15-րդ ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արթուր Սարգսյանը եւ վարորդ, փ/ծ ենթասպա Մխիթար Ամիրջանյանն անցորդներին մանրամասն պատմում են նորագույն փրկարարական տեխնոլոգիաների եւ դրանց հնարավորությունների մասին։ Արթուրի խոսքով՝ շատերին հետաքրքրում է արտաքինից հրացան հիշեցնող որոնողական սարքը՝ նախատեսված փլատակներում տուժածի հայտնաբերման համար։ Տաղավարը հյուրընկալել է բազմաթիվ արտերկրացիների, այդ թվում՝ ռուս եւ ամերիկացի փրկարարների, որոնք ծանոթացել են փրկարար ծառայության գործունեությանը եւ գույքին, ընկերացել հայ գործընկերների հետ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, Գործերի կառավարիչ Արտավազդ Հովհաննիսյանը, այլք։

Այս օրերին Երեւանում իրենց հանգիստը վայելող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ոչ միայն անկախության տոնի մասնիկը դառնալու, այլեւ բազմակողմանիորեն ճանաչելու Հայաստանի մարդկային եւ մշակութային կոլորիտը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ