Գլխավոր Միջոցառումներ «Լուսնային» աղջկա թռիչքը Չելյաբինսկում

«Լուսնային» աղջկա թռիչքը Չելյաբինսկում

2387
Տարածել

911 ծառայության օպերատոր, սպորտային հոգեբան, պարուհի, ծանրամարտիկ… Ամեն ձեռքբերում մի աստիճան է անվասայլակով տեղաշարժվող Գոհար Նավասարդյանի համար, որին շատերը ճանաչում են «Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացումով։ 

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվեց «Ծնվել եմ հաղթելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության ամենամյա մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Գոհարն արժանացավ «Սպորտի թագուհի» կոչմանը։ Եզրափակչից առաջ ժյուրիին ուղղված տեսաուղերձում Գոհարը խոստովանել էր, որ իր կյանքը չընդհատվող պայքար է երազանքներին հասնելու համար։ Պայքարն է իր մոտիվացիան։

Երիտասարդ հայուհին երանությամբ վերհիշում է՝ ինչպես ամեն ինչ սկսվեց․ «Բեմին սիրահարվել եմ «Աղջիկը լուսնի վրա» պիեսի առաջին իսկ փորձերից։ Երկար ժամանակ ինձ այդ կերպարում էին զգում՝ աղջիկ, որն իջել է Լուսնից եւ փորձում է իր տեղը գտնել կյանքում։ Վայելում էի ելույթներս։ Մրցույթի համար ընտրած կերպարում զգացողությունս այլ էր․ ամեն շարժման մեջ հայկական նազանի պարի  քնքշությունն էր։ Բեմը մոգական ուժ ունի, կարծես ճախրում ես բարձունքում։ Չելյաբինսկի բեմում ես ու հանդիսատեսը նույն հարթության վրա էինք, էներգետիկան ավելի մոտ էի զգում»։ 

Հետաքրքրիր պատմություն ունի մրցութային «Ուզունդարա» պարի ընտրությունը։ «Ուզունդարան» վաղուց էր գրավել Գոհարին, եւ որոշեց սովորելու առիթը բաց չթողնել։ Պարուսույց  Ռուզաննան օգնեց կարճ ժամկետում հասկանալ պարի խորհուրդը։ 

Հանդիսատեսին գերել էր նաեւ Տերյան մշակութային կենտրոնի հեղինակած «Գորգ» անունը կրող շքեղ տարազը, որը ցուցադրում էր հայկական մանրանկարչության նրբությունները։ «Մրցույթում հաղթողներ չկային, բոլորը թագի արժանացան՝ որպես պարգեւ իրենց ակտիվ գործունեության դիմաց։ Ինձ համար ամենամեծ գնահատականն այն էր, որ ժյուրիի անդամները մոտենում էին եւ անկեղծանում՝ հայկական պարը կարողացել էր հուզել իրենց»,- ժպիտով նշում է Գոհարը։  

Մրցույթի ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները նաեւ միջազգային պար էին բեմադրել։ Չելյաբինսկում անցկացրած չորս օրվա ընթացքում մասնակիցները շրջել են պատմական քաղաքով եւ կանգ առել այն վայրում, որտեղով անցնում է  զրոյական միջօրեականը։ 

Գոհարը վերադարձել է նոր լիցքերով, գաղափարներով, պատրաստ հերթական «թռիչքի»։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գոհար Նավասարդյանը 

Հ.Գ. Գոհար Նավասարդյանի հաջողությանն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանը: Նրա խոսքով, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով, Գոհարի ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու եւ արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:

Հաշմանադամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը:

ՄԻՊ գրասենյակը Գոհարի մասին տեսանյութ է պատրաստել: