Սեպտեմբերի 2-6-ը Գերմանիայի Դաշնության Բադ Նոյենառ-Առվայլեր քաղաքում անցկացվել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային բնույթի արտակարգ իրավիճակներին առաջինն արձագանքող միավորումների հրահանգիչների միջազգային դասընթաց, որին ՆԱՏՕ-ի հրավերով մասնակցել են Երեւանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Մարտին Գաբրիելյանը եւ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ Դավիթ Առաքելյանը։ Եղել են ներկայացուցիչներ նաեւ Բելգիայից, Հունաստանից, Հորդանանից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից եւ Իռլանդիայից։
Քննարկվել են ՔԿՃՄ միջադեպերին առաջին արձագանքողների աշխատելու կանոնակարգը դեպքի վայրում, կենսապահովության լաբորատորիաներում առաջին արձագանքողների գործողությունները, անհատական պաշտպանիչ համազգեստն ու սարքավորումները, ՔԿՃՄ միջադեպերի հետեւանքների կառավարման գործընթացը։
Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է զեկույց քաղաքացիական պաշտպանության ոլորտում իր երկրի գերատեսչությունների գործառույթների եւ գործողությունների մասին։
Մեզ հետ զրույցում Մարտին Գաբրիելյանը կարեւորեց ՔԿՃՄ անվտանգության ոլորտում միջազգային փորձը՝ մատնանշելով Արաբկիր բաժնի սպասարկման տարածքում առկա մի շարք վտանգավոր օբյեկտներ, որոնցում ամոնիակ է կիրառվում՝ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, «Գրանդ Սան» ընկերություն, օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, Երեւանի շամպայն գինիների գործարան։
Գերմանիայում գործնական վարժանքների ընթացքում մասնակիցները սովորել են քիմիական վթարի ժամանակ անձնական պաշտպանության ապահովման, տուժածի վնասազերծման, բաց վերքի լվացման, նորագույն սարքավորումների կիրառման հմտություններ։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։ Կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Նյուրնբերգ քաղաքի «Ֆորմուլա 1» ավտոմրցուղի։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Մարտին Գաբրիելյանը