Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

3421
Տարածել

2018 թվականի սեպտեմբերի կեսին Հայաստանում գրանցված էր 19 359 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019-ի հունվարի 15-ի տվյալներով՝ 19 814, իսկ սեպտեմբերի 13-ի տվյալներով՝ 20 473 ԱՎՕ: Վերջին մեկ տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 5,7 տոկոսով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3,3 տոկսով:

Տարեսկզբից մինչեւ սեպտեմբերի 13-ը Հայաստանում գրանցվել է 659 ԱՎՕ, որից մոտ 90-ը՝ վերելակ: Նաեւ ախտահանման` ստերիլիզացման տեղամաս, հանքավայր, ֆրեոնային սառնարանային տնտեսություն, կաթսայատուն, բենզալցակայան, քլորակայան, նավթամթերքի տարողություն, պահածոյացման տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (ավելի քան 7500) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3000, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: