Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները քաղաքացիների մատերից հանել են մատանիները

Փրկարարները քաղաքացիների մատերից հանել են մատանիները

2319
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 429 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 171 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ կանչ:

Փրկարարները 149 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, Արարատում, Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 4 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 25 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 11 դեպքում:

Այլ կանչեր. Մալաթիա-Սեբաստիայում եւ Աջափնյակում փրկարարները քաղաքացիների այտուցված մատերից հանել են մատանիները: Դավիթաշենի փրկարարներն ահազանգ են ստացել, թե շենքերից մեկի տանիքին քաղաքացի (երիտասարդ տղա) է նստած, հնարավոր է ընկնի: Փրկարարները պարզել են, որ 15-ամյա պատանին բարձրացել է շենքի տանիք՝ բջջային հեռախոսով նկարահանում իրականացնելու համար: Նույն վարչական շրջանում փրկարարները շան թաթի միջից հանել են մետաղի կտոր:

Լոռեցի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ստեփանավանում խոշոր եղ­ջերավոր անասունը մոտ 80 մետր գլորվել է ձորը: Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգ­նու­թյունը: Հրշեջ-փրկարարները ձորից հանել են կենդանուն:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել «Գազի պայթյունի հետեւանքով տուժածների դուրս բերումը շենքից», Հրդեհաշիջման եւ տարհանման իրականացումը», «Տարհանումը եւ առաջին օգնությունը», «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհների դեպքում», «Քիմիայի լաբորատորիայում առաջացած հրդեհի հրդեհաշիջում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Հրդեհի հետեւանքով տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Գազի պայթյունի հետեւանքով տուժածների դուրս բերումը շենքից», «Հրդեհաշիջում եւ ծխապատ գոտուց մարդկանց տարհանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: