Գլխավոր Սպիտակ-30 «Երեւանի երեխաները ո՞ղջ են»․ ուղղաթիռի հրամանատարի հուշերը երկրաշարժի մասին

«Երեւանի երեխաները ո՞ղջ են»․ ուղղաթիռի հրամանատարի հուշերը երկրաշարժի մասին

2126
Տարածել

1988 թվական, դեկտեմբեր։ «Մի-8» ուղղաթիռի անձնակազմն օգնության է շտապում Սպիտակի երկրաշարժի աղետյալներին։ Անզեն աչքով տեսանելի են քաղաքային շենքերի փլուզումները։ Բարձրությունից գյուղական տներն անվնաս են թվում։ Ներքեւում պատկերն այլ է՝ տանիքները հավասարվել են հողին։

«Դեկտեմբերի 7-ին Կամոյից Ղարաբաղի հայկական գյուղեր էինք թռչում՝ հայ կանանց եւ աղջիկներին տարհանելու։ Օդանավակայանում հերթական թռիչքի էինք պատրաստվում, երբ գետինը ցնցվեց։ Երկրաշարժ էր։ Բոլոր ուղղաթիռներին հրահանգվեց շտապ հասնել Երեւան։ Քանի որ երիտասարդ հրամանատար էի, իմ փոխարեն թռան Վլադիմիր Կարատինսկին եւ Թոֆիկ Ալավերդյանը։ Հաջորդ առավոտյան վարչության տեսուչի հրահանգով ուղեւորվեցի Կիրովական»,- վերհիշում է օդաչու, «Մի-8» ուղղաթիռի հրամանատար Գեղամ Գաբրիելյանը։

Ուղղաթիռները դեղորայք էին հասցնում աղետի գոտի եւ տեղափոխում վիրավորներիին Երեւանի «Էրեբունի» օդանավակայան։ Կարճ ժամանակ անց օգնության հասան օդային ուժեր Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից:

Ավիատորների ջանքերով Կիրովականում ստեղծվեց ժամանակավոր օդանավակայան։ Չվերթները կարգավորում էր ոստիկանությունը․ ճանապարհների խցանված լինելու պատճառով պատահարների վտանգը մեծ էր։

40 հոգանոց հայկական ուղղաթիռային ջոկատը 28 օր առանց հանգստի երկկողմ թռիչքներ էր կատարում։ Երբ Ղարաբաղում կրկին իրավիճակը սրվեց, աշխատանքը կրկնապատկվեց։ Օդաչուի խոսքով՝ խորհրդային տարիներին թռիչքները կազմակերպությունների եւ պետական հիմնարկների պատվերով էին։ Դրանք էինք հիմնականում «Հայտրանսգազը», «Անդրկովկասյան նավթգազշինը», երկրաբանահետախուզական էքսպեդիցիան եւ պետավտոտեսչությունը։ Այդ ամենը ձեւական բնույթ էր կրում․ անհրաժեշտ էր մի միջոցով օրինականացնել գործընթացը՝ համաձայնեցնելով Անդրկովկասյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության շտաբի հետ։

«Մի-8» ուղղաթիռի անձնակազմը՝ հրամանատար Գեղամ Գաբրիելյանը, 2-րդ օդաչու Էդուարդ Կարապետյանը եւ բորտմեխանիկ Վարդան Ասատրյանը, առաջին օրը հինգ թռիչք կատարեցին դեպի Կիրովական, Սպիտակ, Նալբանդ, Գեղասար, Կաթնաղբյուր, Շենավան, Մեծ Պարնի, Լուսաշող եւ այլ համայնքներ։ «Տեղեկությունը կցկտուր էր, ամբողջ օգնությունն ուղղվում էր մեծ քաղաքներին։ Գյուղական դպրոց ու մանկապարտեզ տեսանք՝ ամբողջովին փլված, ներսում՝ բազմաթիվ զոհեր։ Շուտով հրահանգ եկավ ուղղություն վերցնել դեպի գյուղեր»,- պատմում է հրամանատարը։

Այստեղ խնդիր էր դեղամիջոցների բաշխումը։ Ամբողջ գույքը, անկախ անհրաժեշտությունից, տրամադրվում էր «կոլխոզի» նախագահի կամ այլ պաշտոնատար անձի մի ստորագրությամբ։ Մարդասիրական օգնությունը բազմազան էր՝ տաք հագուստ, սպասք, նույնիսկ՝ համակարգիչներ, որոնք գյուղաբնակներին ամենից շատ էին զարմացրել։

Այդ օրերին բուժաշխատողները գերծանրաբեռնված էին աշխատում։ Գեղամ Գաբրիելյանը մտաբերում է Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից ժամանած երկու բժիշկի, որոնք իրենց հետ արհեստական երիկամներ էին բերել։ Ժամանակակից սարքավորումներով արտերկրացի բժիշկներին հաջողվել էր երկրորդ կյանք տալ փլատակների ծանրությունից ամբողջովին ձեւախեղված եւ անգիտակից տուժածին։

Երկրաշարժի ազդեցությունը ծանր էր։ Վիրավորների ցավը դարձել էր բոլորինը, բթացել էին վախն ու խոսելու կարողությունը․ «14 վիրավոր էինք վերցրել եւ պատրաստվում էինք օդ բարձրանալ, երբ 13-ամյա մի աղջկա բերեցին լուրջ վնասվածքներով։ Պառկեցնելու տեղ չկար, տեղափոխեցինք բորտմեխանիկի մոտ։ Աղջիկը հենվել էր Վարդանին եւ լուռ տանջվում էր։ Մի պահ բացեց աչքերն ու ասաց․ «Երեւանի երեխաները ո՞ղջ են»։ Նրան թվում էր, թե երկրաշարժն ավերել է ողջ Հայաստանը»։

Գրեթե մեկ ամիս շարունակ, 82 թռիչք կատարելով, «Մի-8» ուղղաթիռն ավարտեց իր փրկարարական առաքելությունը։ Երկրաշարժից հետո 30 տարի շարունակ փորձառու հրամանատարը սովորույթի ուժով այցելում է Վանաձոր եւ Գյումրի։ Տունդարձին մտքում նույն պատկերն է՝ ծաղկող քաղաքն ու բարձրահարկ շենքերը, որոնցում կյանք չկա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Գեղամ Գաբրիելյանի անձնական արխիվից

ՀԳ․Գեղամ Գաբրիելյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 28-ին Շամշադինի շրջանի Չինչին գյուղում, սովորել է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի քաղաքագիտական ավիացիայի օդաչուական ուսումնարանում, 1981 թվականից գործուղվել է Երեւանի նախկին «Էրեբունի» օդանավակայանի 113-րդ օդային ջոկատ՝ որպես «Մի-8» ուղղաթիռի երկորդ օդաչու, ապա՝ հրամանատար։ 1993-1994 թվականներին սովորել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի բարձրագույն կոմերցիոն դպրոցում եւ ստացել «Արտասահմանում ավիացիայի ներկայացուցիչ» մասնագիտությունը։

Երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում ակտիվ մասնակցության համար արժանացել է «Աշխատանքային փառք» խորհրդային շքանշանի, վարչապետի հուշամեդալի եւ «Մայրական երախտագիտություն» մեդալի։