Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները օգնել են կորած արշավախմբին

Փրկարարները օգնել են կորած արշավախմբին

2185
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 518 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 171 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ կանչ:

Փրկարարները 174 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 120-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 30 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 11 դեպքում:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Թաիրով փողոցի բակերից մեկում երկու օր է անհայտ պարունակությամբ պարկ կա: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ պարկի մեջ աղբ է: Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ստեփանավան քաղաքում գնդակը ընկել է մարզադպրոցի տանիք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները իջեցրել են գնդակը: Շիրակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գյումրիում կովն արգելափակվել է Վազգեն Սարգսյան փողոցի «Ակադեմիական վարժարանի» պարսպի վրա, դուրս բերելու համար հրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները կովին դուրս են բերել արգելափակումից: Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սար մեկնած 15 անձից բաղկացած արշավախումբը մոլորվել է եւ գտնվում է հովիվների կացա­րա­նում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն արշավախմբին տեղափոխել են Գավառ:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել «Հրդեհա­շիջ­ման եւ տարհանման կազմակերպումը», «Առաջին օգնության կազմակերպումն արտակարգ իրավիճակների ժամանակ», «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնա­կազմի գործողություններն ուսումնական հաստատություններում», «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում», «Հրդեհի առաջացման դեպքում տարհանման միջոցառումների իրականացումը», «Տուժածների դուրս բերումը կիսաքանդ շենքի երկրորդ հարկից», «Երկրաշարժի ժամանակ անձակազմի եւ երեխաների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման որոնողափրկարարան եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացում առողջարանի մասնակի փլուզված մասնաշենքում», «Էներգամատակարաման համակարգի վթարի դեպքում հետեւանքների վերացումը», «Տարհանված բնակ­չության ընդունման եւ կենսաապահովման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ եւ դասընթացներ: