Գլխավոր Միջոցառումներ Սեւանա լիճը՝ բաց մրցահարթակ լողորդների համար

Սեւանա լիճը՝ բաց մրցահարթակ լողորդների համար

2166
Տարածել

«Savage of Sevan» ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին Սեւանի թերակղզուն հարակից հատվածում անցկացվեց X-WATERS SEVAN 2019  միջազգային լողի մրցույթը, որին մասնակցում էր հայ եւ արտերկրացի շուրջ 200 լողորդ։ Նախատեսված էր 6,4  կմ լողանցում եւ 1 ծովային մղոն տարածության հաղթահարում մինչեւ «Կապուտակ Սեւան» հանգստյան գոտի։ Նախօրեին մասնակիցների համար նախապատրաստական պարապմունք էր անցկացվել՝ 300 մետր լող, 3,3 կմ վազք եւ մեդիտացիա մայրամուտին։

+ 17 ջրի ջերմաստիճանի պայմաններում 6 կմ երկարությամբ լողուղին առաջինն ավարտեցին Ալեքսանդր Սրաբոնյանցը, Նատալյա Մակարսկայան եւ Վլադիմիր Գապոկինը։ 1 մղոն տարածության վրա պայքարում հաղթող դարձան Ելիզավետա Գորշկովան, Վասիլիյ Սերդյուկը եւ Իվան Չերնովը։

Այս տարի անբարենպաստ եղանակը շատերին թույլ չտվեց հասնել բաղձալի վերջնագծին։ Միջոցառման անվտանգության պատասխանատու Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 11 ծառայող մրցույթի ընթացքում ջրից դուրս էին բերել տասնյակ լողորդների, որոնք հրաժարվել էին ռիսկի դիմել եւ շարունակել ճանապարհը։  Հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ քամին ու ալեկոծությունը խանգարում էին նաեւ ջրափրկարարական աշխատանքներին։

Բարեբախտաբար արտակարգ դեպքեր չգրանցվեցին։ Նույնիսկ փորձառու լողորդները խոստովանում են՝ արտաքնապես խաղաղ Սեւանա լիճը չի դադարում զարմացնել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները

Հ.Գ. Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 1-ին Սեւանում անցկացվել էր «Savage of Sevan Half Distance» եռամարտի մրցաշարը:

Անվտանգությունն ապահովում էին Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները: