Գլխավոր Միջոցառումներ Փրկարարը սիրո, հոգատարության, ամրության, ուժի ամբողջություն է

Փրկարարը սիրո, հոգատարության, ամրության, ուժի ամբողջություն է

1286
Տարածել

Սեպտեմբերի 4-ը Հայաստանում արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է: Տոնը նշվում է 2008 թվականից: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը նշվում է արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում՝ զորահանդես-շքերթով: Այս տարի տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ փրկարարը ամենամարդասիրական մասնագիտությունն է, փրկարարը առաքելություն է՝ սիրո, հոգատարության, ամրության, ուժի ամբողջություն: Մեր փրկարարները միջազգային փրկարարական ընտանիքի լիիրավ անդամ են: «Այս տարի ունեցանք աննախադեպ շատ հրդեհներ: Մեր փրկարարները պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, վտանգելով սեփական կյանքը, հրամանները կատարվել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այնքան են ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր: Ինչ է սա, եթե ոչ՝ հերոսություն: Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը», — ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս տարի տոնն առանձնահատուկ է, քանի որ գրանցված աննախադեպ մեծաքանակ հրդեհների դեմ պայքարում փրկարարների անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին երկիրը կանգնեցնել լուրջ աղետի առաջ: «Ուզում եմ հույս, ցանկություն եւ համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ աշխատանքի մեջ կլինեք այդքան նվիրված», — ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարեւորում է աղետներին բնակչության իրազեկվածության բարձրացումը, քանզի, ակնհայտ է, որ ցանկացած ռիսկ դառնում է կոնկրետ մարտահրավեր բացառապես մարդկային գործոնի բերումով: Ուստի հանրության իրազեկվածության բարձրացումը ԱԻՆ կարեւոր առաքելությունը պիտի լինի: Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ մեր հանրությունն ու քաղաքացիները ավելի ու ավելի շատ են վստահում փրկարարներին ու սա կատարած աշխատանքի ամենակաւրեւոր գնահատականն է:

Տոնի առիթով արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարության եւ մարզային փրկարարական վարչությունների մոտ 1000 աշխատակից պարգեւատրվեցին վարչապետի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով, շքանշաններով, դրամական պարգեւներով: Գեղեցիկ անակնկալ էր սպասում մի քանի օր հրդեհ մարած, հոգնած ու տունդարձի ճանապարհին վթարի ենթարկված երկու փրկարարի: Նրանց մեքենաները վերականգնման ենթակա չեն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նրանք ստացան իրենց մեքենաների «կրկնօրինակները»՝ նույն տարվա արտադրության, նույն մակնիշի, նույն գույնի ավտոմեքենա:

Տոնն ավարտվեց հանդիսավոր շքերթով եւ ցուցադրական վարժանքով: Փրկարարները գործնականում ցույց տվեցին, թե ինչպես են արձագանքում աղետին, ինչպես են համագործակցում քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային մոնիթորինգի մասնագետ-փրկարարը, բժիշկ-փրկարարը, հրշեջ-փրկարարը, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ