Գլխավոր Միջոցառումներ Սեւանի ջրափրկարարները «հսկում» են մարզական միջոցառումները

Սեւանի ջրափրկարարները «հսկում» են մարզական միջոցառումները

1691
Տարածել

Սեպտեմբերի 1-ին Սեւանա լճի ափին հինգերորդ անգամ անցկացվեց «Savage of Sevan Half Distance» եռամարտի մրցաշարը։ Այս տարի հայտագրվել էր 40 մարզիկ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից։ Մասնակիցները մրցեցին լող (1,9 կմ), հեծանվավազք (90 կմ) եւ վազք (21,1 կմ) մարզաձեւերում։

Տղաների պայքարում հաղթող ճանաչվեցին Անդրանիկ Մարգարյանը, Սամվել Մարգարյանը եւ Կարեն Դրամփյանը։ Աղջիկներից առաջատար էին Սաթենիկ Մնացականյանը, Անահիտ Ադամյանը եւ Անի Ավագյանը։ 

«Savage of Sevan» ընկերության համահիմնադիր, եռամարտի մրցման կազմակերպիչ Առնո Մոսիկյանի խոսքով՝ Հայաստանը եռամարտիկների հզոր թիմ ունի, որը մի քանի օրից մասնակցելու է Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում կայանալիք Ironman մրցաշարին։ Մրցույթը կմեկնարկի Չերվիա քաղաքի կենտրոնական լողափից. Մասնակիցները ժամացույցի սլաքին հակառակ երկու պտույտ կկատարեն Ադրիատիկ ծովում։ Պտույտների միջեւ նախատեսվում է 20 մետրանոց վազք։ Հեծանվավազքի համար ընտրվել է մինչեւ 750 մետր ընդհանուր բարձրության հասնող միջին բարդության երթուղի Չերվիայի Salt Pan բնական այգում։ Իսկ վազքուղին անցնելու է Չերվիայի եւ Միլանո Մարիտիմա հանգստավայրի հայտնի զբոսավայրերով։ «Բնակչության ընդհանուր հաշվարկով Հայաստանը Ironman մարզիկներ ունեցող առաջատար երկրներից է։ Սեւանա լիճը մեր եռամարտիկների մշտական հարթակն է միջազգային մրցաշարերին ընդառաջ։ Ուրախալի փաստ է՝ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը»,- նշում է ներկայացուցիչը։ 

Հինգ տարի շարունակ ընկերությունը համագործակցում է Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հետ, որն օպերատիվ կերպով ապահովում է մասնակիցների անվտանգությունը։ Այս տարի մեկ արտակարգ դեպք է գրանցվել․ մարզիկը լողալիս ոտքի ջղաձգում է ունեցել, վայրկյանների ընթացքում ջրափրկարարների թիմը նրան դուրս է բերել լճից։ 

Սեպտեմբերի 8-ին կկայանա մեծ սպորտային միջոցառում մոտ 300 հոգու մասնակցությամբ։ Մարզիկները Սեւանի թերակզղու հյուսիսային ափից կլողան դեպի «Կապուտակ Սեւան» հանգստյան գոտի։ Անվտանգության նպատակով տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն Սեւանի ՀՋՋ-ը, ջրային ոստիկանությունը, մասնավոր մոտորանավակներ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Առնո Մոսիկյանը