Գլխավոր Վերլուծություն Հուլիսի արտակարգ դեպքերը

Հուլիսի արտակարգ դեպքերը

2235
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիսին իրականացրել են 4321 ելք՝ 682-ով ավելի քան 2018-ի հուլիսին: 2766 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 756 կենցաղային կանչ, 213՝ կեղծ ահազանգ, 586՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 47 մարդ (այդ թվում՝ 9 կին, 8 երեխա), տուժել՝ 1116 մարդ (այդ թվում՝ 299 կին, 197 երեխա): Փրկարարները 54 մարդու կյանք են փրկել: Նախորդ տարվա հուլիսի համեմատ, զոհվածների քանակն աճել է 7-ով, տուժածներինը՝ նվազել 108-ով: Ինչպես դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2019-ի հուլիսին էլ, արտակարգ դեպքերի զգալի մասը՝ 97,1 տոկոսը, հրդեհները, թունավորումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 2464 ահազանգ (2018 թվականի հուլիսին՝ 1745 ահազանգ), որից հրդեհ գրանցվել 2098 դեպքում (2018 թվականի հուլիսին՝ 1477 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվը աճել է 42 տոկոսով կամ 621-ով: Հրդեհներից տուժել է 7 մարդ: 186 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի հուլիսին՝ 134): 118-ում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 62-ում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Փրկարարները հուլիսին իրականացրել են 20 հսկվող այրում: Հուլիսին հրդեհների 75,5 տոկոսը՝ 1584 դեպք գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 169 դեպք, առանձնատուն՝ 82 դեպք, բնակելի շենք՝ 49 դեպք, տրանսպորտային միջոց՝ 34 դեպք, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 33, անասնակեր՝ 8 եւ այլն:

Հրդեհների 65 տոկոսը՝ 1364 դեպք, գրանցվել է քաղաքներում, 35 տոկոսը՝ 734 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ գյուղական հրդեհների քանակն աճել է 819-ով (2,5 անգամ), իսկ քաղաքային հրդեհների քանակը նվազել198-ով: Երեւանում գրանցվել է 961 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքում՝ 385, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 30: Ըստ համայնքների. ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքի քաղաքներում՝ 134 եւ գյուղերում՝ 251: Ամենաքիչ հրդեհ գրանցվել է Գեղարքունիքի քաղաքներում՝ 5 եւ Լոռվա գյուղերում՝ 7:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է 451 ՃՏՊ՝ 30-ով ավելի քան 2018-ի հուլիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 29, տուժել՝ 588 մարդ: 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ զոհվածների քանակը նվազել է 7-ով, տուժածներինը՝ 29-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 45,7 տոկոս կամ 206 դեպք՝ բախումներն են: 113 վրաերթ, 70 այլ բնույթի ՃՏՊ, 62 տրանսպորտային միջոցի շրջում:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 508 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 515 մարդ: 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ թունավորումների քանակը նվազել է 53-ով, տուժածներինը՝ 62-ով, իսկ զոհերի քանակն աճել մեկով: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 133, դեղորայք՝ 113, քիմիական նյութեր՝ 87, սննդամթերք՝ 18, շմոլ գազ՝ 4, այլ աղբյուրներ՝ 153: Մայրաքաղաքում գրանցվել է 319 թունավորում: Մարզերից առավելագույն թունավորում գրանցվել է Արմավիրում` 66 դեպք, նվազագույն Սյունիքում՝ 1 դեպք:

Այլ դեպքեր

2019 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 16 հարձակում, 12 ուժեղ կարկուտ, 10 քարաթափում, 5 ուժեղ քամի, երկուական ջրահեղձում եւ տեղատարափ անձրեւ, մեկական անասնահամաճարակ, կայծակ, ցրտահարություն, սողանք, հեղեղում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս