Գլխավոր Միջոցառումներ Հաշմանդամային սպորտի հեռանկարները․ մարզերում կստեղծվեն անվասայլակով բասկետբոլի թիմեր

Հաշմանդամային սպորտի հեռանկարները․ մարզերում կստեղծվեն անվասայլակով բասկետբոլի թիմեր

613
Տարածել

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցաշարը։

Շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, եռամարտ եւ բասկետբոլ մարզաձեւերում մրցեց մոտ 300 մարզիկ ամբողջ հանրապետությունից:

Արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը հանդես եկավ երկու կազմով՝ զբաղեցնելով երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը։ Առաջինը պաշտպանության նախարարության թիմն էր։

ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանի խոսքով՝ մարտ ամսից, երբ ձեւավորվեց Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան, մարզիկների համար նոր հեռանկարներ են ստեղծվել։ Այս տարի «Արտակարգ» թիմի շարքերը համալրել է նոր մարզիկ՝ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» աշխատակից Էդգար Սողոմոնյանը։ «Արտակարգ» թիմի նախաձեռնությամբ օգոստոսի 3-4-ը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է անվասայլակով բասկետբոլի 3×3 միջազգային մրցաշար, որին մասնակցել են չորս հայկական թիմ եւ հինգ երկրի պատվիրակություն՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Քուվեյթ եւ Թայլանդ։ «Այժմ աշխատում ենք խիտ գրաֆիկով, նպատակ ունենք Հայաստանի մարզերում եւ Արցախում թիմեր ստեղծել։ Դիմել ենք տարբեր կազմակերպությունների միջազգային կարգի անվասայլաակներ ձեռք բերելու համար»,- նշում է Սեւակը։

Շախմատ մարզաձեւում Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Մեհրի Մանուկյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ Մարզիկն ափսոսանքով նշում է՝ ժամանակը ճիշտ չգնահատելու պատճառով խաղի վերջում տանուլ է տվել։ Ծառայակից ընկերներից էլ ոչ ոք շախմատ չի խաղում, բացի դրանից՝ վերջին շրջանում հրդեհի կանչերը շատացել են։ Պարապելու ժամանակ գրեթե չի եղել։

ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության օպերատորներ Գոհար Նավասարդյանը եւ Մերի Մլհամյանը իրենց ուժերը փորձեցին դարթս եւ շաշկի մարզաձեւերում։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Լոռու մարզային ՃԿԿ աշխատակից Հարություն Մխիթարյանը բազկամարտ մարզաձեւում դարձավ առաջատար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները