Գլխավոր Միջոցառումներ Փրկարարական դասընթացներ՝ ճամբարում

Փրկարարական դասընթացներ՝ ճամբարում

3127
Տարածել

Ամռան երեք ամիսներին Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի՝ տարբեր տարիքային խմբերի հարյուրավոր սաներ իրենց հանգիստն անցկացրին Սեւանա լճի «Ժայռ» լողափում:

Վրանային ճամբարի ղեկավար Տիգրան Հակոբյանը նշում է՝ երեխաների առօրյան հագեցած է  եղել՝ վերելք դեպի Արեգունի լեռներ, լող, մարզական խաղեր եւ այլն: «Ուսուցողական դասընթացների համար երկու թեմատիկ ընտրություն ունեի՝ ռազմական գործ եւ փրկարարություն: Փրկարարությունն ավելի նախընտրելի էր, քանի որ կյանքի հմտություններ է սովորեցնում. երեխաները մանկուց ընկալում են անվտանգ ապրելու կարեւորությունը, եւ հնարավոր է՝ մի օր իրենք էլ օգնության ձեռք մեկնեն», -ասում է Տիգրանը:

Արտակարգ իրավիճակների վերաբերյալ շաբաթական երկու անգամ դասախոսություններ են կարդացել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ:

Ներկայացվել է փրկարար ծառայության գործունեությունը, պարաններով փրկարարական աշխատանքներ, ջրահեղձության վտանգի եւ տարբեր վնասվածքների դեպքում առաջին օգնության կանոնները, խոտածածկ տարածքներում հրդեհի կանխման եւ հրդեհաշիջման սկզբունքները: Երեխաները ծանոթացել են կրակմարիչներին, անձամբ փորձարկել առաջին օգնության  գույքը: Եղել է նաեւ գործնական մաս՝ գետնանց, որին ակտիվորեն մասնակցել են բոլոր ճամբարականները: «Իրավիճակային խաղ բեմադրեցինք. ունեինք կոտրվածք ստացած տուժած եւ ոչ մի առաջնային միջոց ձեռքի տակ: Երեխաներն իրենք առաջարկեցին գրքով անշարժացնել վերջույթն ու փայտերից պատգարակ պատրաստել՝ տուժածին տեղափոխելու համար: Բավական տեսական գիտելիքներ ունեին: Ամենակարեւորը՝ սովորեցին բնական երեւույթներին, լինի երկրաշարժ թե սողանք, որպես աղետի չվերաբերվել: Այդ մարդն է իր սխալ գործունեությամբ աղետի պատճառ դառնում»,- ամփոփում է Ճամբարակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Միշա Մուժիկյանը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները